հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բաժնետերն ինչ-որ մարդ է, որը Սամվել Ալեքսանյանը չէ. Մարությանը՝ «ԿամԱԶ»-ների նվիրատուի մասին

Բաժնետերն ինչ-որ մարդ է, որը Սամվել Ալեքսանյանը չէ. Մարությանը՝ «ԿամԱԶ»-ների նվիրատուի մասին

Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի ժամանակ այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրատվության դիմաց կառուցապատում չի պահանջել։

Նա պատասխանեց այն դիտարկմանը, թե ինչպես է, որ ինքը տեղյակ չէ, որ «Ալեքս ընդ հոլդինգ»-ը Սամվել Ալեքանյանինն է:

«20-ից 3-ը նվիրել է «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի տնօրենն այլ անուն-ազգանունով ինչ-որ մարդ է, չեմ հիշում, ճիշտն ասած։ Բաժնետերն ինչ-որ մարդ է, որն էլի Սամվել Ալեքսանյանը չէ։ Ես, որպես քաղաքապետ, իրավունք չունեմ ասելու, որ դա Ալեքսանյանի նվերն է, կամ դա իրենն է»,-ասաց քաղաքապետը:

Մարությանը նշեց, որ ինքն իրավունք ունի ասելու միայն, թե որ ընկերությունն է նվիրել՝ մնացած ենթադրությունները թողնելով կռահողներին: Նրա խոսքով՝ այստեղ ոչ մի խնդիր չկա, և իրենք հատուկ են նշել՝ ասելով, որ եթե Սամվել Ալեքսանյանը ցանկանում է նվեր տալ քաղաքին, ապա իրենք միշտ պատրաստ են ընդունել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել էր, թե Օհանով 15/1 հասցեում շինթույլտվության համար դիմում էր ներկայացրել գործարար Սամվել Ալեքյանյանի կին Շողերինա Մկրտչյանը։

Հայկ Մարությանը ցույց տվեց նաև մի փաստաթուղթ, ըստ որի՝ քաղաքացի Շողերինա Մկրտչյանին տրված շինթույլտվության համար տուգանք է դրվել։ «Այդ ի՞նչ փոխկապակցվածություն է. եթե մարդը նվիրում է, մենք դրա դիմաց տուգանո՞ւմ ենք»,- ասաց նա: Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ նվիրատվություն կատարածների մեջ կան անուններ, որոնք կառուցապատման ժամանակ քաղաքապետարանի կողմից տուգանվեկլ են ։

Մարությանն ասաց. «Սա նշանակում է, որ Երևանում արտոնյալներ չեն կարող լինել»: նա անդրադարձավ նաև նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ իր խոսքով՝ այն գործելաոճին, երբ թույլտվությունների դիմաց «Երևան» հիմնադրամին գումարային փոխանցումներ էին արվում:

«Լսել եմ, որ ասում են՝ շինթույլտվություն՝ «ԿամԱԶ»-ի դիմաց․ դա անպատկերացնելի է ինձ համար: Եթե մի բան չի կարելի սարքել, ուրեմն չի կարելի, եթե մի բան կարելի է կառուցապատել, ուրեմն կարելի է։ Մեկը մյուսին չի կարող նույնիսկ մոտ լինել»,-նշեց Երևանի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարել էին, որ քաղաքապետարանը որպես նվիրատվություն է ստացել գույք և չի հրապարակել, թե ովքեր են նվիրատուները: Քաղաքապետարանից սկզբում հերքեցին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը նվիրատուներից մեկն է, այնուհետև հրապարակեցին նվիրատուների ցանկը, որտեղ կար նաև «Ալեքս ընդ հոլդինգ» անվանումով ընկերություն։

  • Կիսվել: