հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԺ հանձնաժողովները շարունակել են ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախնական քննարկումը

ԱԺ հանձնաժողովները շարունակել են ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախնական քննարկումը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 8 մլրդ 792 մլն դրամ, որի 13 տոկոսը հատկացվելու է կապիտալ, իսկ 87 տոկոսը` ընթացիկ ծախսերին: Նախարարության բյուջեն այս տարվա համեմատ աճել է 2 տոկոսով: Նախարարությունն իրականացնելու է 5 ծրագիր եւ 20 միջոցառում: Գյուղատնտեսության ոլորտին նախատեսվում է հատկացնել 45 մլրդ դրամ, որն ավելացել է 7 մլրդ 220 մլն դրամով: Այս ոլորտում իրականացվելու է 5 ծրագիր եւ 36 միջոցառում, որոնցից 4-ը` նոր: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեն գալիք տարում կկազմի 173 մլրդ դրամ, որի 31 տոկոսն ուղղվելու է կապիտալ, իսկ 77 տոկոսը` ընթացիկ ծախսերին: Այստեղ 4 մլրդ դրամով նախորդ տարվա համեմատ նվազում կա: Նախարարությունն իրականացնելու է 13 ծրագիր եւ 79 միջոցառում:

Մարզպետարաններին հատկացվելու է 6 մլրդ 344 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է` կապված հաստիքների կրճատման հետ:

2024 թվականին համայնքներին նախատեսվում է հատկացնել 152 մլրդ դրամ կամ ընդհանուր բյուջետային ծախսերի 5 տոկոսը, ինչը կազմում է ՀՆԱ-ի 1,2 տոկոսը:

Համայնքներին տրվող դոտացիաները կկազմեն շուրջ 85 մլրդ դրամ, այստեղ բավական մեծ աճ կա, ինչը պայմանավորված է ընդհանուր բյուջեի ծախսային հոդվածների աճով: Սուբվենցիաները կկազմեն 25,3 մլրդ դրամ:

Պատվիրակված լիազորությունների իրականացման համար էլ համայնքներին կհատկացվի 41,4 մլրդ դրամ:

  • Կիսվել: