կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այս տարի 715 տնտեսվարողներից 693-ի մոտ եղել են անհամապատասխանություններ. ՍԱՏՄ-ն ամփոփում է 2022 թ-ը

Այս տարի 715 տնտեսվարողներից 693-ի մոտ եղել են անհամապատասխանություններ. ՍԱՏՄ-ն ամփոփում է 2022 թ-ը

Մեր խնդիրն իրականում տուգանումը չէ, այլ թույլ չտալ, որ մարդիկ թունավորվեն: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով, 2022-ի համար նախատեսված էր 945 տնտեսվարողի մոտ ստուգում իրականացնել և այժմ դեռ կան ստուգումներ, որոնք գործընթացի մեջ են:

«715 ստուգում ավարտված է: Դրանցից միայն 22 տնտեսվարողի մոտ չեն հայտնաբերվել խախտումներ, 693 տնտեսվարողի մոտ եղել են անհամապատասխանություններ և կասեցումներ: 162 տնտեսվարող տարվա ընթացքում փակվել է կամ ժամանակավոր կասեցվել : Այժմ 68 ընթացքի մեջ գտնվող ստուգումներ կան, որոնք կամփոփվեն արդեն հունվարի կեսերին»,-ներկայացրեց Գեորգի Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է բողոքներին, որոնց արդյունքում ևս ՍԱՏՄ-ն իրականացնում է ուսումնասիրություն, ապա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հայտնեց, որ այս տարի այդ թիվն 869-ն է, որի արդյունքում 248 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են անհամապատասխանություններ:

Անդրադառնալով մսի շուկային, Գեորգի Ավետիսյանն ընդգծեց, որ սպանդանոցային մորթն այլընտրանք չունի և ՍԱՏՄ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի շուկայում վաճառվի միայն սպանդանոցային ծագման մսեղիք: Նա հայտնեց, որ տուգանքները բավարար չեն, որպեսզի տնտեսվարողներն ավելի զգոն լինեն, և հույս հայտնեց, որ բազմաթիվ հարուցված քրեական գործերը կնպաստեն, որպեսզի անբարեխիղճ տնտեսվարողները սթափվեն:

Նա նաև նշեց, որ մսի շուկայում խնդիրները չեն լուծվի «քանի դեռ ունենք փողոցից միս գնող քաղաքացիներ: Փողոցից գնելու դեպքում իրենք ոչ միայն իրենց չեն հարգում, այլև իրենց ընտանիքի անդամներին»:

Ըստ Գեորգի Ավետիսյանի՝ ոչ սպանդանոցային վաճառքի դեպքերը բազմաթիվ են :

«Միայն սեպտեմբեր ամսին 14,500 կգ մսեղիք է կասեցվել՝ թույլ չենք տվել դուրս գա իրացման դաշտ: 210 խախտում ունենք և այս՝ դեկտեմբերի ժամանակահատվածում արդեն 6700 կգ սպանդանոցային ծագման մսի իրացում է կասեցվել: Միակ մարզը որտեղ մենք խնդիր ունենք Վայոց ձորն է, որտեղ չկա գործող սպանդանոց»,-ընդգծեց նա:

Թե ամանորին ընդառաջ ինչպիսի վերահսկողություն է իրականացվում, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նշում է,որ հաշվի առնելով առևտրի այս ակտիվ ընթացքը,  երբ մորթն ավելի շատ է իրականացվում՝ խստացումներ են եղել:

«Մենք մի արդյունք ենք ակնկալում, որ մեր հասարակության առողջությունը չվնասվի և թունավորումների ցուցանիշը նվազի»- ասաց  նա՝ հավելելով, որ  այս տարվա ընթացքում սննդային թունավորումների 7 դեպք է գրանցվել:

  • Կիսվել: