երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այն հիվանդությունը, որը հայտնաբերել ենք, մարդկանց  համար բացարձակ անվնաս է. Գեորգի Ավետիսյանը՝ ձկների անկման դեպքերի մասին

Այն հիվանդությունը, որը հայտնաբերել ենք, մարդկանց համար բացարձակ անվնաս է. Գեորգի Ավետիսյանը՝ ձկների անկման դեպքերի մասին

Ձկնաբուծարաններում գրանցված ձկների անկման դեպքերը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են:Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա նշեց, որ կատարել են համապատասխան ուսումնասիրություններ: Ինքն անձամբ է որոշ տնտեսություններում ստուգայց կատարել:

««Ֆեյսբուք»-ի տիրույթում ձկնաբուծարաններում ձկների անկման հետ կապված խուճապ տարածվեց: Մենք խնդրից տեղյակ ենք, ուսումնասիրություններ կատարում ենք: Ուրբաթ, շաբաթ օրերին 20 տնտեսություն եմ այցելել և ծանոթացել իրավիճակին, խուճապի որևէ խնդիր չկա: Մենք գիտենք ինչ հիվանդությունից է անկումը, և այն հիվանդությունը, որը հայտնաբերել ենք, մարդկանց  համար բացարձակ անվնաս է: Վերահսկողությունը կա, այո, եղել են անկումներ, սակայն արդեն դրանք նվազում են»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  ղեկավարը նշեց, որ ձկնաբուծության ոլորտն իրենց ուշադրության կենտրոնում է: Կատարել են մոտ 85 ստուգումներ և մշտադիտարկումներ, լաբորատոր հետազոտություններ:

«Ամեն տարի կատարում ենք մոնիթորինգ ձկան մսի մեջ մնացորդային նյութեր հայտնաբերելու ուղղությամբ: Այդ տվյալներն ուղարկում ենք ԵՄ, որ կարողանանք ԵՄ շուկան նաև բացել մեր տնտեսվարողների համար: Ասեմ, որ ուսումնասիրության արդյունքները ոգևորիչ են, բավականին լավ տվյալներ ենք ստացել»,- հավելեց Գեորգի Ավետիսյանը:

  • Կիսվել: