կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Ասկե Գրուպ» ընկերությունը նոր արեւային կայան է կառուցելու. Այն արտոնություն ստացավ

«Ասկե Գրուպ» ընկերությունը նոր արեւային կայան է կառուցելու. Այն արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերությանը:

Այս ընկերությունը ՀՀ-ում մետաղաձուլական խոշորագույն ընկերություն է և ներդրված նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնում է պողպատե ամրանների և պողպատե աղացագնդերի արտադրություն։ Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս թողարկել տարեկան մոտ 250․000 տոննա նախապատրաստվածք և 150․000 տոննա ամրան:

Ընկերությունը տարեկան արտադրում և իրացնում է ավելի քան 100․000 տոննա արտադրանք՝ մրցակցելով նմանատիպ արտադրանք ներմուծող բազմաթիվ ընկերությունների հետ։ Մետաղի ձուլման պրոցեսից մինչև վերջնական պատրաստի արտադրանքի ստացումը կատարվում է ընկերությունում։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ձեռք բերել, տեղադրել և շահագործել 15ՄՎՏ հզորությամբ արևային կայան, արտադրված էլեկտրական էներգիան օգտագործելով սեփական կարիքների համար։

Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ստացել է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ 15 ՄՎՏ հզորության համար։

Ըստ գնահատականների, արևային կայանը հնարավորություն կտա արտադրելու տարեկան շուրջ 25 մլն ԿՎՏ/ժ էլ․ էներգիա, այն է ընկերության տարեկան սպառման 22%-ը:

Արդեն իսկ իրականացվել է շուրջ 22 մլրդ դրամի ներդրում՝ նոր սարքավորումների ձեռքբերման և շահագործման նպատակով։

Ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը արևային կայանի մասով կազմում է շուրջ 2 մլրդ դրամ, որից շուրջ 1․8 մլրդ դրամը նախատեսվում է սարքավորման և նյութերի ձեռքբերման, իսկ շուրջ 200 մլն դրամ այն տեղակայելու հետ կապված շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար։

Ընդ որում, ծրագրում ներառված և մաքսատուրքի արտոնությանը վերաբերող ապրանքների արժեքը արևային կայանի մասով կազմում է շուրջ 600 մլն դրամ։ Հումքի և նյութերի մասով ներդրումային ծրագրի արժեքը կազմում է շուրջ 24․9 մլրդ դրամ։ Ընդհանուր ներդրումային ծրագրի արժեքը կազմում է շուրջ 7 մլրդ դրամ։

Ներկայումս առկա է 720 աշխատատեղ՝ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 750-ի՝ 360 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 25․47 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․5 մլրդ դրամ:

  • Կիսվել: