չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՍՀ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ՊՆ նախկին շենքի բնակիչների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ

ԱՍՀ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ՊՆ նախկին շենքի բնակիչների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։

Նախարարությունից InfoPort.am-ին հայտնում են, որ նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։

«Տեղեկացնում ենք նաև, որ ԱՍՀ նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում, սակայն ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջիններիս կողմից համագործակցություն ևս։

Այսպիսով, հորդորում ենք ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռևս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: Շաբաթներ առաջ անջատել էին շենքի էլեկտրականությունը, բնակիչներն էլ փակել էին ճանապարհը՝ պահանջելով միացնել հոսանքը:

Իսկ արդեն այսօր ոստիկանական մեծ ուժերով քաղաքացիներին ուժով դուրս են բերել շենքից: 22 քաղաքացի բերման է ենթարկվել:

  • Կիսվել: