ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ասեին նավթի, գազի խնդիր կա ՀՀ-ում կհասկանայինք, բայց որ քարի խնդիր կա. Նիկոլ Փաշինյան

Ասեին նավթի, գազի խնդիր կա ՀՀ-ում կհասկանայինք, բայց որ քարի խնդիր կա. Նիկոլ Փաշինյան

Հանրապետությունում իրոք ահռելի ծավալների շինարարություն է տեղի ունենում՝ և՛ մասնավոր հատվածում, և՛ պետական պատվերով: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չնայած աննախադեպ ծավալի կապիտալ ներդրումներ են արվում, բայց անհրաժեշտ մինիմումի շեմից մենք դեռ շատ հեռու ենք»,- ասաց նա և նշեց, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ վերակառուցելուց հետո հաջորդ երեք հարյուրի և հինգ հարյուրի մասին պետք է մտածեն:

Կառավարությունը բարեկեցություն պետք է ապոհովի առաջինը՝ իրավակարգ, օրենքի առաջ մարդկանց հավասարությունը ապահովելու միջոցով, երկրորդը՝ ենթակառուցվածքներ ապահովելու միջոցով, բոլոր բնակարանները պետք է ունենան նորմալ ճանապարհ, ջուրը, էլեկտրաէներգիան պետք է լինեն որակյալ և հասանելի, մանկապարտեզը, դպրոցը պետք է ապահովի, ամբուլատոր բժշկական ծառայությունները, մարզական ենթակառուցվածքները պետք է ապահովի և գլոբալ առումով՝ կառավարությունը այս ամենը ապահովելուց հետո պետք է քաղաքացուն ասի՝ մենք ապահովեցինք բոլոր պայմանները, դուք աշխատեք և ապահովեք ձեր բարեկեցությունը։

«Կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ, այլ ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի քաղաքացին իր արժանապատիվ աշխատանքով՝ իր արժանապատիվ բարեկեցությունը ապահովի»,- ասաց նա:

Նա պատմեց, որ Ագարակ գյուղում մի երիտասարդ իրեն ասել է, թե իրեն նպաստից կտրել են: «Ես էլ ասում եմ՝ գործունակ, առողջ ես երևում, ի վիճակի ես աշխատել, և այսօր հրատապ չէ հարցը, թե աշխատանք չկա»,- ասաց վարչապետը և նշեց, որ  ընկերություններ կան, որ ասում են, որ  դրսից են բերում աշխատողներ: Նա ասաց, որ տվյալ երիտասարդը ուներ  անարդարության  զգացում և ասում էր ինչու իր նման ուրիշները ստանան, ինքը չստանա:

«Մարդիկ ամիսը 500 հազար դրամ վարկ են փակում և պետությունից նպաստ են ստանում»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ պետք է դնել թվայնացման և արհեստական ինտելեկտի վրա։

Վարչապետն ասաց, որ  Գորիսում ծրագիր են իրականացնում, և այն ձգձվում է, քանի որ քարի մատակարարողը չի հասցնում քար մատակարարել և ստիպված Իրանից քար են ներկրում, որ ծրագիրը ավարտին հասցնեն: «Ասեին նավթի, գազի խնդիր կա ՀՀ-ում, կհասկանայինք, բայց որ քարի խնդիր կա…»,- ասաց նա:

  • Կիսվել: