Արզաքանցյանը դարձել է ՌԴ սեփականություն հանդիսացող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար. պարզաբանում
Արզաքանցյանը դարձել է ՌԴ սեփականություն հանդիսացող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար, հայտարարություն են տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը:
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն երկու առանձին ընկերություններ են։
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության, իսկ լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Երևան քաղաքի Հ. Հակոբյան 3 հասցեում, որտեղ տեղակայված է նաև «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն։
Հարկ ենք համարում ընդգծել, որ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ում որևէ փոփոխություն կամ նոր նշանակում տեղի չի ունեցել։
Մամուլում շրջանառվող տեղեկությունները վերաբերում են «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին, որի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության պետական գույքի կառավարման գործակալությունն է (Росимущество)։
Հետևաբար, մամուլում շրջանառվող՝ տնօրենի նշանակման վերաբերյալ տեղեկությունները որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի և դրա գործունեության հետ»,-նշված է հայտարարության մեջ:



