ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արտաքին առևտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ

Արտաքին առևտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ

Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը պարզաբանեց՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է տալու այս փոփոխությունը բիզնեսին, այն վերաբերում է քաղաքացիների՞ն, բիզնեսի՞ն, թե՞ երկուսին:  

Փոխնախարարի խոսքով՝ հարցը վերաբերում է բիզնեսին:

«Օրինակ՝ եթե ուզում եք ստանալ թույլտվություն՝ արտահանելու համար երկակի նշանակության ապրանք, դուք դիմում եք այդ էլեկտրոնային հարթակին, և ոչ մի թղթային փաստաթղթեր չեն ներգրավում այս շրջանառության մեջ»,- ասաց Տերյանը՝ հավելելով, որ այն թույլտվությունները, որոնք տալիս է Էկոնոմիկայի նախարարությունը, հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային համակարգով:

Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը կոչ արեց կողմ քվեարկել: 

«Լիցենզիաների տրամադրման անհնարինության կամ պետական գաղտնիք պարունակելու դեպքում այն հնարավոր է լինելու նաև տալ փաստաթղթային եղանակով: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն»,- ասաց պատգամավորը: 

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի  2.1-րդ հոդվածում, որի արդյունքում՝ արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, մասնավորապես՝ սակագնային քվոտայի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի տրամադրման և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածին համապատասխան ՀՀ-ի կողմից միակողմանի ընդունվող ոչ սակագնային սահմանափակումների կիրառման կարգեր: 

Նախագծի ընդունման արդյունքում՝ արտաքին առևտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

  • Կիսվել: