ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արսեն Թորոսյանն ու Շիրակի մարզպետի տեղակալը ներկա են եղել «Սուր իշեմիկ կաթվածի բուժում» պետական ծրագրի գործարկման փուլի մեկնարկին

Արսեն Թորոսյանն ու Շիրակի մարզպետի տեղակալը ներկա են եղել «Սուր իշեմիկ կաթվածի բուժում» պետական ծրագրի գործարկման փուլի մեկնարկին

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն ու ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ներկա են եղել Գյումրու բժշկական կենտրոնում «Սուր իշեմիկ կաթվածի բուժում» պետական ծրագրի գործարկման փուլի մեկնարկին, մասնագիտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, և կենտրոնը շուտով լիարժեքորեն կկարողանա պետպատվերի շրջանակներում բուժել ինսուլտով հիվանդներին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
Մասնագետների գնահատմամբ՝ ծրագրի մեկնարկը հնարավորություն կտա սուր իշեմիկ կաթվածի դեպքում հիվանդին բժշկական օգնություն տրամադրել ժամանակին, քանզի այսպիսի հիվանդությունների բուժման մեջ առաջնային կարևորություն ունի ժամանակին միջամտություն կատարելը։
 
«Ծրագրի իրականացմամբ հնարավորություն կունենանք հիվանդներին օգնելու առանց ուշացման, քանի որ նրանք սահմանափակ ժամանակ ունեն՝ ընդամենը մի քանի ժամ, այլապես հաշմանդամ մնալու հավանականությունն է մեծանում, մահվան ելքերն են ավելի շատ»,- նշել է Գյումրու բժշկական կենտրոնի նյարդանոթային բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը։
 
Ամիսներ առաջ թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմամբ ծրագրի մեկնարկը տրվեց։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում, սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք։

  • Կիսվել: