ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առևտրի, ծառայության ոլորտներում մեծ կորուստներ են առաջանալու. «Փաստ»

Առևտրի, ծառայության ոլորտներում մեծ կորուստներ են առաջանալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակային իրավիճակի սրման ֆոնին առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկություններով է հանդես գալիս: Ըստ այդ առաջարկների, ռեստորանների, սրճարանների, ինչպես նաև թատրոնների ու մշակութային մի շարք կենտրոնների մուտքը կարող է հնարավոր լինել միայն պատվաստված լինելու դեպքում: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, հնարավոր ու արդեն առկա սահմանափակումների հետևանքով տնտեսական հետևանքներն անխուսափելի են:

«Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի տարածման աննախադեպ բարձր ցուցանիշներ ու մահեր ունենք: Բնականաբար, դա հանգեցնում է առողջապահության համակարգի ճգնաժամին: Մեր առողջապահության համակարգը հիմա ի վիճակի չէ սպասարկել այդ բոլոր հիվանդներին, ինչով պայմանավորված՝ կառավարությունը պետք է քայլեր իրականացնի: Այդ քայլերից շատերը կարող են նաև ցավոտ լինել: Այս պահին աստիճանաբար զսպումների ճանապարհով գնալու որոշում է կայացվել, ինչի արդյունքում, ըստ էության, մահերի, վարակման թվերի կտրուկ անկում չենք ունենալու: Կառավարությունը, փաստացի, ի հաշիվ տնտեսական ակտիվության պահպանման, կտրուկ չի սահմանափակում տարբեր ոլորտների գործունեությունը»,- Փաստի հետ զրույցում նշում է տնտեսագետն ու հավելում, որ առհասարակ լոքդաունը մի շարք փուլեր ունի:

«Այդ փուլերից մեկն արդեն կյանքի է կոչվել, խոսքը հեռավար կրթության անցնելու մասին է, ինչն արդեն իսկ ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Մեծ է ազդեցությունը հատկապես ծառայության ոլորտի վրա, քանի որ ուսանողը, աշակերտը օգտվում են տրանսպորտից, հանրային սննդից ու այլ ապրանքներից: Նշված ուղղություններով սպառման ծավալների նվազում կա: Այն դեռ փոքր է, բայց, այնուամենայնիվ, արդեն բացասական ազդեցություն ու բացասական սպասումներ է առաջացնում: Մեր հիմնական խնդիրն իրականում տրանսպորտն է, բայց կառավարությունը չի կարողանում կարգավորել այդ ոլորտը: Մենք ունենք գերբեռնված տրանսպորտ, ինչը վարակի կտրուկ տարածմանն է հանգեցնում: Կարող ենք ասել, որ տրանսպորտը վարակի տարածման հիմնական օջախներից մեկն է, մյուսը հանրային միջոցառումներն են, հավաքույթները: Միևնույն ժամանակ, ռեստորանային բիզնեսը, բարերը, փաբերը կարևոր ոլորտ են տնտեսության համար, ու այդ ճյուղի ամբողջական դադարը կարող է մեծ հարված հասցնել ընդհանուր տնտեսական ակտիվությանը:

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկը՝ կապված հանրային սննդի ոլորտի հետ՝ նա շեշտեց. «Ստացվում է՝ ոլորտը կշարունակի աշխատել, եթե այդ վայրեր այցելեն պատվաստված մարդիկ: Նման սահմանափակումներ կան նաև աշխարհի շատ երկրներում: Հայաստանի կառավարությունն էլ է այդ ճանապարհով ուզում գնալ, թեպետ մեզ մոտ բավականին ցածր է պատվաստման ցուցանիշը: Չունենք այնպիսի բարձր ցուցանիշ, որ, ի հաշիվ պատվաստվածների, կարողանանք թույլ տալ, որ հանրային սննդի ոլորտն աշխատի: Արդյունքում այս պարագայում ևս աստիճանաբար սահմանափակումների են ուզում գնալ: Կտրուկ սահմանափակումների դեպքում ոչ միայն կճնշվի տնտեսական ակտիվությունը, ու տնտեսական անկում կլինի, այլև կառավարությունը պարտադրված կլինի լրացուցիչ ֆինանսական ծախսեր կատարել, ինչպես անում էր 2020-ին, այնինչ, այս պահին պատրաստ չէ նման գումարներ տրամադրել»:

Տնտեսագետի դիտարկմամբ, կառավարության քայլերը որոշ դեպքերում տրամաբանական են, բայց ուշացած: «Կառավարության քայլերը ուշացած են, քանի որ վարակը մեզ մոտ մոլեգնում էր, բայց համապատասխան քայլեր ի սկզբանե չէին իրականացվում: Այս ամենի հետևանքով տարածաշրջանում ամենավատ ցուցանիշը մեր երկրում է, մեկ շնչին ընկնող մահերի թվով ևս վատթարագույն պատկեր ունենք: Մենք հակառեկորդ ենք գրանցում: Կառավարությունը բաց է թողել քայլեր ձեռնարկելու ժամանակահատվածը, իսկ հիմա փորձում է հետևանքները մեղմել: Որքան էլ փորձի խուսափել ամբողջական լոքդաունից, դրական սպասումներ առաջացնի, այս իրավիճակը հստակ ազդելու է տնտեսական ակտիվության վրա: Մենք ոչ միայն կյանքեր, այլև տնտեսական աճ, զարգացում, սպասումներ կորցրինք, բացասական այլ հետևանքներ ունեցանք: Տնտեսական ակտիվության ցուցանիշը գնալով նվազում է»,- ասաց նա ՝ հիշեցնելով, որ հուլիսից սկսած ՏԱՑ-ը նվազում է, իսկ հիմա 4,4 տոկոս է:

 

«Սա վկայում է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար նորից ցածր տնտեսական ակտիվության ցուցանիշներ կունենանք: Կորոնավիրուսն ու սահմանափակումները հստակ ազդեցություն են թողնելու: Բացի այդ, այս ամենին գումարվում են բացասական սպասումները: Բիզնեսը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում, օրինակ՝ ռեստորան կամ բար բացելու առումով: Այսինքն, ազդեցություն կա նաև ներդրումային միջավայրի և տնտեսական ակտիվության վրա: Կառավարությունն այս պահին ամբողջական տեղեկություն չի հրապարակում, որ կարողանանք գնահատել, թե վերջին ամիսների ընթացքում կորոնավիրուսի թողած տնտեսական հետևանքներն ինչպիսին կլինեն, բայց ակնհայտ է, որ հատկապես առևտրի, ծառայության ոլորտներում մեծ կորուստներ է առաջացնելու»:

  • Կիսվել: