չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար

Արցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է Արցախի գործընկերների հետ` համակարգելու բոլոր բռնի տեղահանված թոշակառուների, նպաստառուների հատկացումները։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հատարարեց նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Կան տեխնիկական խնդիրներ` սկսած այդ բազաներին տիրապետելու, տվյալները հավաքագրելու առումով։ Ոչ միայն թոշակները, այլև ծերության, երեխայի խնամքի նպաստների հարցերը կան, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները կան։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում այս մասին առավել հստակ կարող ենք տեղեկատվություն ունենալ»,– հայտարարեց նախարարը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում բոլոր բռնի տեղահանվածների նույնականացման հետ կապված ամբողջ ճշտգրտված տեղեկատվությունը պատրաստ կլինի։

«Եթե այսօրվա դրությամբ նույնականացված տվյալները վերաբերում են բռնի տեղահանված անձանց միայն երկու երրորդին, ապա կարծում ենք, որ մեկ շաբաթ անց ամբողջ կտիրապետենք ինֆորմացիային»,– նշեց Խաչատրյանը։

Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ կլինեն ֆինանսական աջակցության տարբեր գործիքներ, որոնք միգուցե թոշակ կամ նպաստ չկոչվեն, սակայն շահառու յուրաքանչյուր խմբի հասցեական կարիքներին համապատասխան կլինեն։

  • Կիսվել: