ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առավել բարենպաստ հարկային միջավայր՝ գյուղատնտեսական կոոպերատիվների համար

Առավել բարենպաստ հարկային միջավայր՝ գյուղատնտեսական կոոպերատիվների համար

 ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գյուղատնտեսական կոոպերատիվները ևս կկարողանան օգտվել հարկային արտոնություններից՝ իրենց անդամերի գյուղարտադրանքի վաճառքը կազմակերպելիս:

Նշենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նա նշեց, որ առաջարկվում է օրենսգրքով վերանայել մի կարգավորում, որն, ըստ էության, աղավաղումներ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող առանձին տնտեսությունների համար, և դրանով իսկ խոչընդոտ է դառնում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման համար:

՛՛Գործող Հարկային օրենսգրքով արտոնություն է նախատեսված բոլոր այն դեպքերի համար, երբ գյուղատնտեսական արտադրանքը վաճառվում է անմիջապես արտադրողի կողմից: Բոլոր այն դեպքերում, երբ գյուղատնտեսական կոոպերատիվն իր անդամների կողմից արտադրած գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն է կազմակերպում, գործող օրենսդրությամբ՝ արտոնությունը չի կիրառվում, քանի որ ստացվում է, որ իրացնողն արտադրողը չէ՛՛,-ասաց Պողոսյանը:

Օրենքի նախագծով ամրագրվում է այն նորմը, որ բոլոր այն դեպքերում, երբ կոոպերատիվը կազմակերպում է իր անդամների արտադրած արտադրանքի իրացումը, օրենսգրքի կիրառության իմաստով կոոպերատիվն է համարվում արտադրող, որ արտոնությունը կիրառելի լինի:

Պողոսյանի խոսքով՝ հաճախ գյուղատնտեսական կոոպերատիվները դրամաշնորհներ են ստանում միջազգային կազմակերպություններից, և որևէ առանձնահատուկ կարգավորման բացակայության պայմաններում այդ գումարները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են ճանաչվում ստացման տարում ՝ անկախ նրանից, թե այդ գումարները ծախսվել են, թե ոչ:

՛՛Այս պարագայում մենք ապավինել ենք Հարկային օրենսգրքով նախատեսված մի կարգավորման, որը հնարավորություն է տալիս անհատույց ստացված դրամական միջոցները միանգամից չդիտարկել որպես շահութահարկով հարկման նպատակով որպես եկամուտ, այլ հաշվառել այնպես, ինչպես կհաշվառվեն այլ ակտիվները՛՛,-նշեց նա:

 

 

  • Կիսվել: