շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր կարվեն

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր կարվեն

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Հիմնավորման համաձայն՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները պատմականորեն հիմնականում օգտագործվել են խմելու և ոռոգման նպատակներով: 2006թ.-ից սկսած այնտեղ սկսել են գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Բավականին կարճ ժամանակահատվածում ձկնաբուծությունը դառնում է Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը: 2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցել է կայունության շեմը՝ տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավելի ջուր, քան հասցնում էր ձևավորվել:

Դա էլ պատճառ է հանդիսանում արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը, ինչի արդյունքում ստորերկրյա ջրերի քանակը կտրուկ նվազում է, իսկ որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքում են: Ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել կրճատել, կանոնակարգել և նորմավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը, որի համար նախատեսվում է իրականացնել խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներ։

Որոշմամբ՝ «Արարատյան դաշտի ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերի լուծարում և կոնսերվացում» միջոցառմանը կուղղվի 68 928,0 հազ. դրամ: Հատկացվելիք գումարի շրջանակում նախատեսվում է իրականացնել 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքներ։ Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 235.0 լ/վրկ. ջրաքանակ։

  • Կիսվել: