ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Արարատ քաղաքում երկու դպրոցներ կմիաձուլվեն. Արդյունքում բյուջեն կշահի 45.6 մլն դրամ

Արարատ քաղաքում երկու դպրոցներ կմիաձուլվեն. Արդյունքում բյուջեն կշահի 45.6 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոցը և Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոցը միաձուլել եւ վերակազմակերպել որպես «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը գտնվում է Արարատ քաղաքի Շահումյան 62/1 ուսումնական հասցեում: Ներկայումս դպրոցի աշակերտների թիվը կազմում է 192, իսկ աշխատակիցների թիվը՝ 46:

Արարատ քաղաքի Շահումյան 62 հասցեում գտնվում է «Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը, որն ունի 392 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 20 սան) և 53 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները):

Նախագծով առաջարկվում է այս երկու դպրոցները միաձուլել և վերակազմակերպել «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը, քանի որ 2 դպրոցներն էլ գործում են միևնույն շենքի տարբեր մասնաշենքերում, ինչը խոչընդոտում է դպրոցների արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև ուսումնական տարածքի օպտիմալ օգտագործմանը։Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է մեկ շենքում մեկ ուսումնական հաստատության գործունեություն:

Այս որոշման արդյունքում ակնկալվում է պետական միջոցների օգտագործման օպտիմալացում, պետական բյուջեի ծախսերի կրճատում տարեկան մոտ 45,6 մլն դրամ (դասարանների կոմպլեկտավորման և հաստիքների կրճատման հաշվին)՝ չհաշված կոմունալ ծախսերը:

  • Կիսվել: