երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Առաջին եռամսյակում Հայաստան ժամանած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը 21.9%-ով կրճատվել է

Առաջին եռամսյակում Հայաստան ժամանած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը 21.9%-ով կրճատվել է

2024 թվականի առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստան է այցելել 435 775 զբոսաշրջիկ։ Վիճակագրական կոմիտեի հաշվարկներով՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 14 206-ով կամ 3.2%-ով։ Գրում է Հետքը։ 

Տվյալները վկայում են, որ նվազման գլխավոր պատճառը Ռուսաստանի քաղաքացիների հոսքի կրճատումն է։ Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել 184 317 Ռուսաստանի քաղաքացի, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 51 703-ով կամ 21.9%-ով։

Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի կրճատումն ավելի մեծ կլիներ, եթե այլ երկրների ուղղությամբ աճ գրանցված չլիներ։ Մասնավորապես 32.6%-ով աճել է որպես զբոսաշրջիկ Հայաստան ժամանած Իրանի քաղաքացիների թիվը, 15.5%-ով՝ Վրաստանի քաղաքացիների, 2.7 անգամ՝ Հնդկաստանի։

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում, ըստ քաղաքացիության, գերակշռում են Ռուսաստանի, Հայաստանի (որոնք ապրում են արտերկրում, բայց ունեն Հայաստանի քաղաքացիություն), Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի քաղաքացիները։ Աշխատանքի նպատակով Հայաստան ժամանած Հնդկաստանի քաղաքացիները զբոսաշրջիկ չեն համարվում։ 

14%-ով աճել է Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը

2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից 380 770 մարդ մեկնել է արտերկիր զբոսաշրջության նպատակով։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս ցուցանիշն աճել է 14%-ով։

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

  • Կիսվել: