հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՊՀ երկրները մտադիր են մայիսի 20-ին հաստատել գինեգործության զարգացման ոլորտում համագործակցության հայեցակարգը

ԱՊՀ երկրները մտադիր են մայիսի 20-ին հաստատել գինեգործության զարգացման ոլորտում համագործակցության հայեցակարգը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարները մայիսի 20-ին տեսակապի միջոցով հանդիպմանը նախատեսում են հաստատել Գինեգործության զարգացման ոլորտում համագործակցության հայեցակարգը եւ մի շարք այլ փաստաթղթեր։ Այս մասին ասվում է միջոցառման համար ՌԴ կառավարության նախապատրաստած նյութերում։

«Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ընդունում»,- ասել են ՌԴ կառավարությունից։ «Նիստում նախատեսվում է հաստատել Խաղողագործության եւ գինեգործության զարգացման ոլորտում համագործակցության հայեցակարգը եւ դրա իրականացման գործողությունների ծրագիրը։

Նշվում է, որ այս փաստաթղթերն ուղղված են ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը, խաղողի տնկարկների տարածքի ավելացմանը, սելեկցիոն-տնկարանային ցանցի ընդլայնմանը եւ գինու զբոսաշրջության խթանմանը։

Բացի այդ, ենթադրվում է համաձայնագիր ստորագրել կենսաբանական նյութի փոխանակման վերաբերյալ։ Այն նախատեսում է կենդանիների հատկապես վտանգավոր հիվանդությունների լաբորատոր ախտորոշումը բարելավելու եւ Համագործակցության երկրների տարածքներում դրանց տարածումը կանխարգելելու միջոցառումներ։

Կառավարությունների ղեկավարները նաեւ նախատեսում են դիտարկել մինչեւ 2026 թվականն ընկած ժամանակահատվածում համատեղ գործողությունների շարք՝ գյուղատնտեսական կենդանիների վերարտադրության մեջ գենետիկական նյութի կենսաանվտանգությունն ապահովելու համար։ Փաստաթուղթը մշակվել է Կենդանիների եւ կերերի համար դեղամիջոցների որակի եւ ստանդարտացման համառուսաստանյան պետական կենտրոնի կողմից, այն կոչված է նվազեցնել վարակիչ հիվանդությունների պաթոգենների փոխանցման ռիսկը:

Կառավարությունների ղեկավարների քննարկմանը կդրվի նաեւ մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածում տեղեկատվական անվտանգության ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների պլանի նախագիծը։ Ինչպես պարզաբանել են ՌԴ նախարարների կաբինետում, փաստաթուղթն ուղղված է տեղեկատվական անվտանգության ոլորտում օպերատիվ համագործակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները։

Գիտահետազոտական ոլորտում նախատեսվում է դիտարկել հեռանկարային հիմնարար հետազոտական նախագծերի ցանկը, որոնք կոչված են ամրապնդել Համագործակցության երկրների ընդհանուր գիտական տարածքը եւ արդիականացնել այդ հետազոտություններն իրականացնող կազմակերպությունների նյութատեխնիկական բազան:

Բացի այդ, հանդիպման ընթացքում կքննարկվի 1995 թվականի նոյեմբերի 3-ի ԱՊՀ անդամ պետությունների միասնական գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարող արձանագրությունը։ Դա անհրաժեշտ է իրավական նորմերը թարմացնելու համար՝ հաշվի առնելով համաշխարհային տեխնոլոգիական շուկայի կառուցվածքի փոփոխությունները։

Սպասվում են նաեւ մի շարք կադրային որոշումներ՝ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահի եւ Համագործակցության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի առաջին տեղակալի նշանակման մասին։

  • Կիսվել: