հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՊՀ երկրները կհամագործակցեն սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ուղղություններով

ԱՊՀ երկրները կհամագործակցեն սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ուղղություններով

Խորհրդարանը մայիսի 2-ի նիստում քննարկել է ««Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի տեղեկացմամբ համաձայնագիրը մշակվել է` հաշվի առնելով արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ 2015 թվականի համաձայնագրի դրույթները, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման ԱՀԿ ռազմավարությունը եւ սանիտարահամաճարակաբանական բնույթի հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի շրջանակում միջոցառումների իրականացման ծրագիրը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ուղղությամբ մասնակից երկրների համագործակցության ամրապնդում, փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար նպաստավոր պայմանների ստեղծում` արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա վտանգի մասին համաձայնագրի մյուս կողմերին արագ իրազեկումն ապահովելու, անհրաժեշտության դեպքում մասնագիտացված հակահամաճարակային թիմերին ներգրավելու միջոցով:

Փաստաթղթով սահմանում են աշխատանքի հիմնական ոլորտները եւ մասնագիտացված հակահամաճարակային թիմերի աշխատանքի կարգը, նրանց տեղափոխումը մյուս կողմի պետության տարածքում գտնվող արտակարգ իրավիճակի գոտի, տեղեկատվության եւ այլ հարցեր:

Համաձայնագիրը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է հատուկ կարծիքով, իսկ Ադրբեջանի Հանրապետության կողմից` վերապահումով:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Զեյնալյանը:

  • Կիսվել: