ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապարանում լեռնային հանգստավայր ու ճոպանուղի կկառուցվի. Կառավարությունը թույլ տվեց, որ այնտեղ խաղատներ գործեն

Ապարանում լեռնային հանգստավայր ու ճոպանուղի կկառուցվի. Կառավարությունը թույլ տվեց, որ այնտեղ խաղատներ գործեն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում «ՄԱՅԼԵՌ» ներդրումային ծրագրի շրջանակներում հավանություն տվեց «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած՝ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից, միտված է ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

Մոտեցումը, որը նախատեսում են նախագծերը, ենթադրում է, որ Ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների։ Առաջարկվող մոտեցումը ենթադրում է Ծրագրի իրականացման նպատակով համապատասխան օրենսդրական ակտի ընդունում։

2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ ամրագրված է խաղատան լիցենզիաների տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան օրենսդրական փաթեթի մշակումը։ Նախագծերով նախատեսվում է ընդհանուր սկզբունքներից տարբերվող արտոնության տրամադրում Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրն իրականացնող ընկերութանը, և իրավակիրառ պրակտիկայում նման նախադեպ առկա է («Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենք)։

Խաղատան լիցենզիայի տրամադրումը կարող է դառնալ այլընտրանքային ժամանցի տեսակ զբոսաշրջիկների համար և կարող է հավելյալ մուտքեր ապահովել պետական բյուջե։

Առաջարկվում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտի ընդունում, որովկսահմանվի առանձնահատուկ կարգավիճակ՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ:

Նշենք, որ «Մայլեռ» ներդրումային ծրագրի արժեքը 30 միլիարդ դրամ է, այն կիրականացվի Ապարան համայնքի տարածքում  2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում եւ ենթադրում է լեռնային հանգստավայրի կառուցում, մասնավորապես՝ ճոպանուղու, հյուրանոցներիև սահուղիների կառուցում ու շահագործում:

  • Կիսվել: