ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անվճար տրամադրվող դեղերի ցանկը կբարելավվի

Անվճար տրամադրվող դեղերի ցանկը կբարելավվի

ՀՀ առողջապահության նախարարության դեղապահովման ծրագրի շրջանակում 2022 թվականին արդեն շուրջ 171 հազար շահառու կարողացել է ստանալ անվճար դեղորայք՝ տարբեր հիվանդությունների գծով:

Հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը նշեց, որ դեղերն ապահովվում են 12 հիվանդությունների գծով: Ընդհանուր առմամբ՝ 2022 թվականին այդ նպատակի համար հատկացվել է 3,7 մլրդ դրամ:

Անվճար դեղորայք տրամադրվում է հոգեկան հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, քրոնիկ երիկամային անբավարարության, ֆենիլկետոնուրիայի, անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի, վիրուսային հեպատիտ Ց-ի, հիպոֆիզային գաճաճություն ախտանիշի, տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի գծով: Մարինե Հարությունյանը նշեց, որ հիմնական հիվանդությունների՝ մոտ 10-ի գծով դեղերի 100 տոկոս ապահովվածություն է լինում:

«100 տոկոս ասելով նկատի ունեմ, որ յուրաքանչյուր շահառուին անհրաժեշտ քանակով տրամադրվում է համապատասխան դեղորայք: Այսինքն՝ բժշկի կողմից նշանակվում է դեղն, իսկ մենք ապահովում ենք ամբողջ անհրաժեշտ քանակը: Իհարկե, կան դեռ ուղղություններ, որտեղ մենք բարելավելու կարիք ունենք: Օրինակ, քրոնիկ երիկամային անբավարարության գծով այս պահին դեղորայքային ապահովումը կատարվում է 85 տոկոսով: Պացիենտին անհրաժեշտ է որոշակի քանակությամբ դեղ, սակայն այս պահին պետությունն ապահովում է ընդհանուր պահանջարկի 85 տոկոսը»,-ասաց Մարինե Հարությունյանը:

Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ այս 85 տոկոսը ևս կարևոր ցուցանիշ է: Տարիներ առաջ բավական ցածր ցուցանիշ է եղել, հիմա, բարելավելով ծրագրի պայմանները, որոշ հիվանդությունների գծով գրանցվել է դեղերի ապահովվածության 85 տոկոս:

«Ի դեպ, ասեմ, որ տարեցտարի ոչ միայն դեղերի քանակական ավելացում ունենք, այլև որակական: Այսօր ցանկում ունենք եվրոպական արտադրության բարձր որակի դեղեր»,-ասաց Մարինե Հարությունյանը:

Որպես այս քաղաքականության արդյունք՝ նախարարության ներկայացուցիչը համարում է բուժառուների կյանքի որակի բարելավումը: Որպես օրինակ նա ներկայացրեց շաքարային դիաբետի ցուցանիշները: 2010 թվականին Հայաստանում շաքարային դիաբետով պայմանավորված մահացության ցուցանիշը կազմել է 6-6,5 տոկոս, իսկ 2021 թվականին՝ 1,1 տոկոս: Մասնագետի խոսքով՝ սա նաև բարձր մակարդակի դեղապահովման արդյունք է:  Ժամանակին դեղապահովման անընդհատությունը խախտվում էր, ինչը խնդիր էր, դժգոհությունների առիթ էր: Այժմ նախարարությունը դեղերը ձեռք է բերում ոչ թե 12, այլ 15 ամսվա համար, որպեսզի խնդիրներ չառաջանան:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Մարինե Հարությունյանը նշեց, որ 2023 թվականին նախատեսվում է դեղերի անվանացանկի ընդլայնում: Տարբերությունը կերևա թե դեղերի քանակի, թե որակի առումով: Չեն բացառվում նաև ավելացումները դեղերի անվճար տրամադրման ծրագրի հիվանդությունների ցանկում:

 

  • Կիսվել: