երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Անհրաժեշտ է ձևավորել գազի, նավթի և նավթամթերքի ԵԱՏՄ ընդհանուր շուկա. ՀՀ վարչապետ

Անհրաժեշտ է ձևավորել գազի, նավթի և նավթամթերքի ԵԱՏՄ ընդհանուր շուկա. ՀՀ վարչապետ

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները շարունակվում են՝ այսօր ընդլայնված կազմով: Մինչև կմեկնարկեր նիստը, անդամ պետությունների վարչապետներին հյուրընկալել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ աշխատանքներին արդյունավետ ընթացք մաղթելու։

Այնուհետև նիստի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետը, նշել՝ ինտեգրացիոն միության զարգացման առանցքային բաղադրիչներից է ԵԱՏՄ-ի շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծումը:

Միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է դառնալ բազմաթիվ մարտահրավերների պատասխան՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը:

Նիկոլ Փաշինյան - Այս տարի անդամ երկրները, Հանձնաժողովի հետ, սկսեցին Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի քննարկումը: Ակնկալում ենք շարունակական կառուցողական աշխատանք՝ հիմնված փոխըմբռնման վրա և հաշվի առնելով Միության բոլոր անդամ երկրների շահերը: Գոհունակությամբ կցանկանայի նաև նշել, որ մեզ հաջողվեց համաձայնեցնել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա:

Ելույթում Փաշինյանը կարևորել է նաև տրանսպորտի ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակումը՝ ընդգծելով համավարակի ընթացքում կանաչ միջանցքների դերը:

Նիկոլ Փաշինյան - Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձևավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար: Մեծ մասամբ այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի և փոխադարձ առևտրում ընդհատումների առաջացումը:

Հայաստանի վարչապետը կարևորել է ներքին և արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացումը, ընդգծել արտահանման համար համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձևավորման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյան - Մենք աջակցում ենք Եվրասիական ընկերության ստեղծմանը, որը թույլ կտա, ապահովագրական լրացուցիչ կարողությունների ստեղծմամբ, ավելացնել ապահովագրական աջակցության ծավալները Միության ներսում առևտրի և երրորդ երկրներ արտահանման համար:

«Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի» իրականացման արդիականությունն էլ կնպաստի Միության ագրոարդյունաբերական համալիրի և ագրարային շուկայի կայուն զարգացմանը՝ շեշտել է վարչապետ Փաշինյանը: Լրացուցիչ ջանքեր և բազմակողմանի գործակցություն են պահանջում նաև բնապահպանության և կլիմայի հարցերը:

Նիկոլ Փաշինյան - Մենք աջակցում ենք ջերմոցային գազերի արտանետումների և բնապահպանական վճարների համակարգի կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցման ուղղությամբ բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծման գաղափարին՝ ԵԱՏՄ-ում բնապահպանական գործունեությունը խթանելու նպատակով:

ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ հաստատել է՝ կորոնավիրուսի համավարակից տուժած ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում Է համատեղ գործողությունների շնորհիվ` գյուղատնտեսական արտադրանքի շրջանառությունը ավելացել Է 0,6 տոկոսով, արդյունաբերական արտադրության ծավալները՝ 4,4 տոկոսով, մշակող արդյունաբերության արտադրությունը՝ 6,5 տոկոսով: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ԵԱՏՄ ներքին շուկայում՝ 2021-2022 թթ. վերացման ենթակա բացառությունների և սահմանափակումների ցանկը, անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական գործակցության զարգացման նպատակով երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Հստակեցվել է նաև հաջորդ նիստի անցկացման վայրն ու ժամկետը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները հաջորդիվ կհանդիպեն հոկտեմբերին, Երևանում:

  • Կիսվել: