կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան դրամական օգնություն. դիմումները պետք է ներկայացնեն մինչև դեկտեմբերի 20-ը

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան դրամական օգնություն. դիմումները պետք է ներկայացնեն մինչև դեկտեմբերի 20-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Կառավարության համապատասխան որոշումներով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. հոկտեմբերի 5-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է փոփոխություն, որով այդ անձանց ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2022 թ. դեկտեմբերի 20-ը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2022թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ: Արդյունքում՝ կշարունակվի աջակցություն տրամադրվել դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 59 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին:

  • Կիսվել: