հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ակնկալում ենք, որ հարկերն այս տարի կկազմեն 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ. Վահե Հովհաննիսյան

Ակնկալում ենք, որ հարկերն այս տարի կկազմեն 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ. Վահե Հովհաննիսյան

Ակնկալում ենք, որ հարկերն այս տարի կկազմեն 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ, իսկ հարկեր-ՀՆԱ-ն կբարելավվի շուրջ 0,2 տոկոսային կետով: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի օրենքի նախագիծը:

«2025-ի հարկային վարչարարության ջանքերի և օրենսդրության փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ևս 0,7 տոկոսային կետով բարելավվում, ինչի արդյունքում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25 տոկոսի»,- տեղեկացրեց նախարարը:

Խոսելով 2025 թվականի պետբյուջեի նախագծի հիմքում դրված մոտեցումների մասին՝ ֆինանսների նախարարը ներկայացրեց դրանք ըստ գերատեսչությունների:

Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ բարձր տեխնոլոգիական ոլորտին հատկացվող գումարը այս բյուջեով 2025 թվականին կավելանա համարյա 90 տոկոսով:

«Սա Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու մեր նպատակի իրագործման գործնական կարևոր քայլերից է»,- պարզաբանեց նախարարը:

Հովհաննիսյանը հիշեցրեց՝ ամենաէական ավելացումները նախատեսվել են ՀՀ պաշտպանությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Պաշտպանության նախարարության համար 2025-ին նախատեսվում է 664,7 միլիարդ դրամ, որը 2024-ի հաստատված բյուջեի համեմատ ավելի է 110 միլիարդ դրամով: Շարունակվելու են ՀՀ զինված ուժերի պահպանման, տեխնիկական հագեցվածության ապահովման և բանակի մարտունակության ու կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը: Կարողությունների բարձրացման շրջանակում նախատեսվում է նաև վերապատրաստումներ իրականացնել արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններում և ակադեմիաներում»,- պարզաբանեց նախարարը:

Նրա խոսքով՝ եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք 2025 թվականի բյուջեն՝ «մենք բարձրացնում ենք ՀՀ անվտանգությունը, որպեսզի կառուցենք դպրոցներ և շեշտակի բարելավենք կրթական համակարգը»:

Հովհաննիսյանը խոստովանեց՝ այս բյուջեով բազմաթիվ կարևոր հարցեր դեռևս մնում են չլուծված, կան սոցիալական բազմաթիվ խնդիրներ, տնտեսական արտադրողականությունը և կառուցվածքը դեռևս գոհացուցիչ չեն, վթարային շենքերում բնակվող քաղաքացիների խնդիրները մնում են ամբողջությամբ չլուծված, սակայն ընդգծեց՝ հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել միանգամից, սակայն հայաստանցիները պետք է վստահ լինեն, որ կառավարող ուժը տեղյակ է բոլոր խնդիրներից և ջանք չի խնայում դրանց լուծման համար:

  • Կիսվել: