շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կնախագծի գերմանական ընկերությունը

Ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կնախագծի գերմանական ընկերությունը

ՀՀ Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծին։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ որոշմամբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին թույլատրվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից` «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա:

Ըստ որոշման հիմնավորման՝ գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով է կազմակերպվում, որպեսզի հնարավոր լինի Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն իրականացնել միջազգային բարձր վարկանիշ ունեցող ընկերության կողմից, որն ունի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ և աննախադեպ փորձ։

Հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում Գերմանիայի օրենքների համաձայն հիմնադրված և գործող «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության փորձը, հեղինակությունը, ինչպես նաև ծրագրի շրջանակում նախատեսվող տրանսֆորմեր համերգասրահի կառուցման բացառիկ հեղինակային իրավունքը՝ նպատակահարմար է համարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները պատվիրել ընկերությանը, որն իր ծառայությունների մատուցման շրջանակներում համագործակցելու է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ։

Ծրագրի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ ելակետային տվյալների և այլ նյութերի ու տեղեկատվության տրամադրման աշխատանքները նպատակահարմար է համարվել պատվիրել նշված համալսարանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն մեր երկրում համապատասխան ճարտարապետաշինարարական կրթություն առաջարկող միակ հաստատությունն է և կապահովի ուսանողներին ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու բացառիկ հնարավորություն։

Նախագծման ծառայությունների մասին պայմանագրով վճարումները նախատեսվում է իրականացնել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի «Գիտական կենտրոնների վերանորոգում» միջոցառման շրջանակում:

  • Կիսվել: