երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
68 մլն 242 հազար դրամ՝ օպերայի և բալետի թատրոնի բալետային հատակի ձեռքբերման համար

68 մլն 242 հազար դրամ՝ օպերայի և բալետի թատրոնի բալետային հատակի ձեռքբերման համար

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում և բեմում, ինչը պայմաններ կստեղծի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի բարելավման համար։ Բեմահարթակի և բալետային փորձասենյակների հատակի ծածկույթը չի համապատասխանում բալետային ներկայացումների, փորձերի անցկացման և ցուցադրությունների համար սահմանված միջազգային ստանդարտներին, ինչը խոչընդոտում է բալետային թատերախմբի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը։ Բացի այդ, կարևորելով միջազգային հյուրախաղերը և նկատի ունենալով, որ համայնքային թատրոնների բեմահարթակները հարմարեցված չեն բալետային ներկայացումների ցուցադրությանը՝ ձեռքբերված պրոֆեսիոնալ հատակածածկը լայն հնարավորություն կընձեռի նաև մարզային շրջագայությունների համար:

Այսպիսով, բալետային թատերախմբի աշխատանքներն արդյունավետ և որակով կազմակերպելու, արտիստների արտադրական վնասվածքները կանխելու, հանդիսատեսին պատշաճ ներկայանալու նպատակով փորձասենյակների և բեմի համար անհրաժեշտ է ձեռք բերել միջազգային ստանդարտներին համապատասխան բալետային հատակ: Բալետային հատակի տեղադրման գործընթացը չի խաթարի թատրոնի բնականոն աշխատանքը, խաղացանկային ներկայացումները կշարունակվեն բնականոն ընթացքով, քանի որ տեղադրման գործընթացը չի ենթադրում հատակածածկույթի ապամոնտաժում, այլ վերջինս ամրացվում է առկա հատակին։

  • Կիսվել: