երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
5 հազար տոննայից ավել մթերողները կսուբսիդավորվեն. Քերոբյան

5 հազար տոննայից ավել մթերողները կսուբսիդավորվեն. Քերոբյան

Խաղողի և խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է․ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան։

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ դրանց գինն արտարժույթով էապես թանկ է. «Այդ խնդիրները հանգեցրել են նրան, որ հասկացել ենք՝ կոնյակի մթերման գործում առկա է ավելի քիչ ախորժակ խաղող մթերողների կողմից, և այս տարի նախապատրաստվել են 65 հազար տոննա ավելի քիչ խաղող մթերել, քան նախկին տարիներին»։

Նա նշել է, թե խաղողի գնի ընդունելի նվազագույն գին է սահմանվել 110 դրամը. «Խաղողի մթերման դիմաց արագ վճարումներ իրականացնելու համար նախատեսել ենք միջոցառումների շարք, որ բաղկացած է հետևյալ գործողություններից․ ինչպես նախորդ տարի, խաղող մթերող ընկերությունների համար տրամադրում ենք բյուջետային երաշխիքներ, որ կարողանան արագ ու լավ պայմաններով վարկավորում ստանալ ու վճարել։ Մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող մթերողների համար. 5 հազար տոննայից ավել մթերողների համար նախատեսել ենք 1 կգ խաղողի համար լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում, իսկ 10 հազար տոննայից ավել մթերողների համար՝ 50 դրամ»,- ասաց նա։

Ըստ նրա, երրորդ քայլն էլ, որ առաջարկում են այս տարի առաջին անգամ կիրառել, խաղողի կոնյակի գնումն է պետական ընկերության կողմից, որ թույլ կտա մեղմել արտահանման հետ կապված դժվարությունները, նաև տալ լրացուցիչ դրամական հոսքեր մթերողներին։

Վարչապետն էլ նշել է, որ իրենց շահառուն գյուղացին է, և այս ամենն արվում է, որ խաղող մթերողներն իրենց գումարները ստանան։

  • Կիսվել: