կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2024 թվականին Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 92 մլրդ 227 մլն 201 հազար դրամ. Վահան Քերոբյան

2024 թվականին Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 92 մլրդ 227 մլն 201 հազար դրամ. Վահան Քերոբյան

2024 թվականին Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 92 մլրդ 227 մլն 201 հազար դրամ, որը 2023 թվականի համեմատ աճել է շուրջ 47 տոկոսով: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը, փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

«Մենք շարունակում ենք մեր քաղաքականությունը` ուղղված աշխատակազմի օպտիմալացմանը եւ փորձում ենք ավելի բարձրորակ կադրեր ներգրավվել համակարգ»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ 2024 թվականին աշխատակիցների վերապատրաստման համար հատկացվել է 50 մլն դրամ:

Զեկուցողի խոսքով 200 մլն դրամով ավելացել է տնտեսական հետազոտությունների եւ վերլուծությունների համար հատկացվող գումարը. «Սա լրացուցիչ խորհրդատվական ծառայություններ ներգրավվելու համար բյուջե է: Մասնավորապես, նախատեսվում է բարդ օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ հիմնավորման համար ներգրավվել խորհրդատվական ընկերությունների»:

Նշվել է, որ որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացման համար կհատկացվի 1 մլրդ դրամի գումար. նախատեսվում է ստեղծել նոր լաբորատորիաներ:

Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման բյուջեն 2024 թվականին կկազմի 20 մլրդ 433 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի է:

«Շատ լավ աշխատում է մեր տնտեսության արդիականացման միջոցառումը եւ հիմա արդեն երեք հազարից ավելի ընկերություններ օգտվել են այս ծրագրից, թարմացրել իրենց սարքավորումները, հոսքագծերը»,- ընդգծել է Վահան Քերոբյանը:

Համաշխարհային բանկի աջակցությամբ տեխնոլոգիաների առեւտրայնացման, ենթակառուցվածքի զարգացման համար նախատեսվում է հատկացնել 100 մլն դրամ:

Խոսելով ներդրումների ներգրավումից` նախարարը նշել է, որ առաջին կիսամյակում համախառն ներդրումների կուտակումը շուրջ 27 տոկոսով ավելի շատ է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում.«Կարծում ենք` տարվա կտրվածքով մեծ է հավանականությունը, որ կհասնենք համախառն կուտակում/ՀՆԱ 25 տոկոս համամասնությանը»:

Նշվել է, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը 300 մլն դրամից աճել է 577 մլն դրամի:

Նախարարն անդրադարձել է նաեւ տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագրին, խոսել զբոսաշրջությանն ուղղված ֆինանսական հատկացումների ավելացման մասին: Նշվել է, որ 2024 թվականին մեկնարկելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի ներքո նախատեսվում է իրականացնել Կառավարության ծրագրում նշված 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը:

Վահան Քերոբյանի տեղեկացմամբ առաջին ինն ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ.

«Հայաստանի սահմանային կետերում այժմ իրականացնում ենք ուսումնասիրություն եւ նախնական տվյալներով մեկ զբոսաշրջիկը մեր երկրում ծախսում է մոտ 1200 դոլար»:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` մանրամասնելով գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված մի շարք ծրագրեր ու իրականացվելիք միջոցառումներ:

  • Կիսվել: