հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զորամասերում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ

Զորամասերում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ

 Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 15-ին 1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել է մեքենավարման պարապմունք:

Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, բարդ տեղանքում հաղթահարել են արգելքներ և հաջողությամբ կատարել առաջադրանքը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 15-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ցուցադրվել են հրետանու կրակի կառավարման գործողություններ:

Ճշգրտվել են պայմանական հակառակորդի կոորդինատները և հաջողությամբ խոցվել բոլոր թիրախները:

Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ստուգելու, դաշտային վարժվածության մակարդակը կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, իրականացրել ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական պարապմունքներ:

Հաստիքային զենքից կրակի վարման հմտությունները և զինծառայողների անհատական վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով հունիսի 15-ին 4-րդ զորամիավորման վարչակազմն անցկացրել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Զինծառայողները խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները և կատարել առաջադրված խնդիրները:

5-րդ զորամիավորման N զորամասում հունիսի 15-ին անցկացվել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորների տարհանման և առաջին բուժօգնության ցուցաբերման գործնական պարապմունք:

Ստուգվել են ռազմաբժշկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները, արագ կողմնորոշվելու և գործելու կարողությունները:

Զինծառայողներն առաջադրված խնդիրները կատարել են անթերի և ապացուցել, որ ունակ են իրական մարտական գործողությունների ժամանակ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել մարտադաշտից տարհանվող վիրավորներին:

 

 

  • Կիսվել: