ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԶՈՒ կառավարման այսպիսի ոճն ու մոտեցումը հանգեցնելու են շոշափելի փոփոխությունների. Բաբաջանյան

ԶՈՒ կառավարման այսպիսի ոճն ու մոտեցումը հանգեցնելու են շոշափելի փոփոխությունների. Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է անցած շաբաթ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրապարակած պաշտպանության ոլորտի և Զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ տեսլականին:

«Անցած շաբաթ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրապարակել է պաշտպանության ոլորտի և Զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը: Ծավալուն այս փաստաթուղթը երկրորդն է պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում. Զինված ուժերի զարգացման իր առաջին ծավալուն տեսլականը Տոնոյանը հրապարակել է 2018 թվականին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց կարճ ժամանակ անց։

Անցած շաբաթ հրապարակված տեսլականում Դավիթ Տոնոյանը հանգամանորեն վերլուծել է առաջին փաստաթղթի հրապարակումից հետո ընկած ժամանակահատվածում զինված ուժերում կատարված փոփոխությունները, առաջին տեսլականի՝ հաջողություն ապահոված դրույթներն ու բացթողումները՝ միևնույն ժամանակ ներկայացնելով հայկական զինված ուժերի ապագայի վերաբերյալ իր նոր պատկերացումները։ Հրապարակված փաստաթղթում մանրամասն անդրադարձ կա զինված ուժերի առանց բացառության բոլոր ենթահամակարգերին ու կառուցակարգերին՝ հետախուզությունից մինչև հակահետախուզություն, օդային ու հակաօդային պաշտպանությունից մինչև բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում։ Վստահ եմ ու հույս ունեմ, որ Դավիթ Տոնոյանի ներկայացրած տեսլականի առանձին դրույթներին մենք անդրադառնալու առիթներ կունենանք առաջիկայում՝ ցանկալի է ոչ միայն քաղաքական, այլև առաջին հերթին մասնագիտական-փորձագիտական տիրույթում։ Մինչ այդ արձանագրենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարն իր պաշտոնում գործում է ըստ էության որպես օրինակելի պաշտոնյա՝ զբաղվելով ոչ միայն իր ղեկավարած բարդագույն ոլորտի ոչ միայն օպերտիվ համակարգմամբ, ինչը հսկայական ջանքեր, ռեսուրսներ ու ժամանակ է պահանջում, այլ նաև ռազմավարական պլանավորմամբ, ինչը զինված ուժերի ղեկավարումը բարձրացնում է միանգամայն այլ որակական հարթություն։ Չափազանց կարևոր է, որ իր այս գործելաոճում Դավիթ Տոնոյանը անշեղորեն պահպանում է քաղաքական չեզոքության սկզբունքը, ինչի վերաբերյալ ծավալուն անդրադարձ կա նաև նրա հրապարակած տեսլականում։

Խորապես համոզված եմ, որ զինված ուժերի կառավարման այսպիսի ոճն ու մոտեցումը հայկական բանակում տեսանելի ապագայում հանգեցնելու են շոշափելի, առարկայական փոփոխությունների։ Սակայն չափազանց կարևոր է իր այս առաքելության իրագործման հարցում Դավիթ Տոնոյանին միայնակ չթողնելը։ Պաշտպանության նախարարը իր որդեգրած ռազմավարության ու մարտավարության իրագործման հարցում պետք է զգա, այսպես ասած, թիկունքային ապահովվածություն ու աջակցություն քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մտավորականության, ընդհանուր առմամբ էլիտաների կողմից։ Նրա հրապարակած տեսլականները պետք է քննարկվեն ամենատարբեր հարթություններում ու ամենատարբեր ձևաչափերով՝ սնուցելով ապագա տեսլականները նոր գաղափարներով ու մտքերով։

Ինքս՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, իմ կարողությունների սահմաններում անելու եմ առավելագույնը՝ այս առաքելության իրականացման հարցում պաշտպանության նախարարին օգնելու ու աջակցելու համար։ Նույնը կոչ եմ անում նաև իմ պատգամավոր գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մտավորականներին, բոլոր նրանց, ում համար մեր բանակը վեր է ամենայնից, ու այդ նպատակով պատրաստ են մատուցել իրենց ծառայությունները։

Հայոց բանակը մեր երկրի ու հասարակության անվտանգության ու պաշտպանության ամենաառաջնային գրավականն է։ Դավիթ Տոնոյանը ի պաշտոնե հետևողականորեն անում է քայլեր՝ մեր բանակն ավելի մարտունակ, ավելի հզոր ու ավելի ժամանակակից դարձնելու համար։ Օգնենք ու աջակցենք պաշտպանության նախարարին այդ կարևորագույն առաքելության իրականացման գործում։

Կեցցե Հայկական բանակը»,- իր հրապարակման մեջ նշել է ԱԺ անկախ պատգամավորը:

 

 

  • Կիսվել: