շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Զենքի գործը»․ Ինչ առաքելություն ունի գեներալը

«Զենքի գործը»․ Ինչ առաքելություն ունի գեներալը

Երեկ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել նաև Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԶՈւ ԳՇ Տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։ Ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկության՝ Ստեփան Գալստյանի բնակարանում ևս խուզարկություն է իրականացվել։

ԱԱԾ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և միջնորդություններ է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ՝ Ստեփան Գալստյանի ենթակայության տակ է գտնվում ԶՈՒ ԳՇ, ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն), ՌԷՊ (ռադիո էլեկտրոնային պայքար) և Ավիացիոն վարչությունները: Սեպտեմբերի 25-ին ձերբակալված գեներալ մայոր Ավետիկ Մուրադյանը 2008 թվականից հանդիսանում է գեներալ լեյտենանտ Ս. Գալստյանի ուղիղ ենթական: Այսինքն՝ առանց Գալստյանի թույլտվության գեներալ Մուրադյանը չէր կարող կատարել ոչ մի գնում, այն էլ մեծաքանակ: Ներկա պահին Ավիացիոն վարչությունը ղեկավարում է գ-լ Գալստյանի ազգականը-սանիկը, գնդապետ Գ. Ասլանյանը (https://www.armlife.am/news/166708.html)

ՀՕՊ համակարգերի անմխիթար վիճակի մասին խոսում են 2020թ-ի պատերազմի արդյունքները: Պատերազմի արդյունքների վերլուծությունից հետո 25.06.21թ-ին ՀՀ Նախագահի կողմից պաշտոնանկ արվեց ՀՕՊ վարչության պետ, գեներալ Ս. Գալստյանի անմիջական ենթակա, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը:

ՌԷՊ միջոցները գրեթե ամբողջությամբ բացակայել են ԶՈՒ-ի զինանոցից: Զինանոցում առկա են եղել անարդյունավետ համակարգերը, որոնց ձեռքբերման պատճառով ԱԱԾ-ն 29.02.20թ-ին կալանավորել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌԷՊ վարչության պետ, Ս. Գալստյանի ուղիղ ենթակա, գնդապետ Վահան Ավետիսյանին՝ 42 մլն դոլարի անպետք ՌԷՊ համակարգեր ձեռք բերելու գործով: Գեներալ Ս. Գալստյանը ևս հերթական անգամ խուսափեց պատասխանատվությունից: https://factor.am/255372.html

2016թ.-ից ԶՈՒ ԳՇ ավիացիոն վարչությունում ստեղծվել է ԱԹՍ-ների բաժին, որը նույնպես ենթարկվում է Ստեփան Գալստյանին: Թե ինչպիսի արդյունավետությամբ է գործում ԱԹՍ-ների բաժինը, ցույց տվեց 44 օրվա պատերազմը:

Տեղեկություն կա, որ վերջին ամիսներին գեներալ Ս. Գալստյանը անձամբ է կարգավորում Հայաստանում գրանցված ԱԹՍ արտադրող ընկերությունների գործունեությունը, ասում են՝ համաձայն նորանշանակ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանի: ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը իր վերջին հարցազրույցներից մեկում այդ կարգավորմանը տվել է կոնկրետ բնութագիր ասելով՝ «Հայաստանում արտադրվող ԱԹՍ-ները բանակի պահանջին չեն բավարարում»:

Այս ամենից հետո հարց է ծագում՝ ի՞նչ առաքելություն ունի Զինված ուժերում գեներալ լեյտենանտ Ստյոպա Գալստյանը, ով, պաշտոնական տվյալներով, հսկայական ունեցվածք ունի, որը երեւում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերից։

  • Կիսվել: