ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զենքի բիզնեսով մանկուց եմ երազել զբաղվել. Դավիթ Գալստյանը իր բիզնեսի, պաշտպանության նախարարների հետ հարաբերությունների և ՊՆ-ի հետ գործարքների մասին

Զենքի բիզնեսով մանկուց եմ երազել զբաղվել. Դավիթ Գալստյանը իր բիզնեսի, պաշտպանության նախարարների հետ հարաբերությունների և ՊՆ-ի հետ գործարքների մասին

Մեր երկիրը հիվանդ է ֆեյսբուքյան հիվանդությամբ, բայց ոչ անբուժելի, մեր բանակը վիրավոր է, բայց վստահ եմ, կկազդուրվի և կլինի կանգուն...

Զենքի միջազգային բիզնեսով զբաղվող հայազգի գործարար Դավիթ Գալստյանը կամ ինչպես մեդիայում են նրան հաճախ անվանում Պատրոն Դավիթը մերօրյա ամենաքննարկված, բայց նաև ամենախորհրդավոր գործարարներից մեկն է: Նրան այլ գործարարների նման դժվար է տեսնել հանրային, մարդաշատ վայրերում, տարաբնույթ ընդունելությունների մասնակցելիս: Գալստյանի կյանքի և գործունեության մասին թերևս հստակ ոչինչ հայտնի չէ, գիտենք այնքան, որքան ներկայացվում է «երրորդ ձեռքից», գործարարը փակ է մեդիայի համար, մինչ այսօր նրանից ուղիղ խոսքով ոչինչ լսել չի հաջողվել` պատճառը, թերևս, բիզնեսի այն սպեցիֆիկ, բայց միևնույն ժամանակ չափազանց ուշագրավ ոլորտն է, որով նա զբաղվում է:

Գործարարը սակայն բացառություն արեց InfoPort.am-ի համար:

Պարոն Գալստյան  կպատմե՞ք, ինչպես որոշեցիք զբաղվել այս ռիսկային, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր բիզնեսով։

-Մանկուց եմ երազել` երազել եմ ունենալ փամփուշտի գործարան:

Ե՞վ...

-Եվ, երազանքիս հասնելու համար աշխատել եմ օրը 24 ժամ:

Հետո՞...

-Դե հետո գործունեություն եմ ծավալել աշխարհի ամենատարբեր երկրներում...

Լավ, տեսնում եմ սենտիմենտալ անկեղծության հակված չեք, անցնենք բուն հարցերին. Պարոն Գալստյան վերջին ամիսներին Ձեր անունը շրջանառվում է տարբներ «սկանդալային պատմություններում», կապվում է ՊՆ արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ...

-Մինչ հարցը շարունակեք, մի բան նշեմ և անցնենք առաջ. ես աշխատել եմ Հայաստանի պաշտպանության բոլոր նախարարների հետ սկսած Սերժ Սարգսյանից: Ճիշտ է, մինչ Սերժ Սարգսյանը ճանաչել եմ նաև Վազգեն Սարգսյանին, բայց Հայաստանում սկսել եմ աշխատել 2000-ականներից` Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակվանից: Այնուհետ համագործակցությունը շարունակվել է ՊՆ բոլոր նախարարների հետ առանց բացառության` Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, Վիգեն Սարգսյան, Դավիթ Տոնոյան: Անվտանգության և սպառազինության հարցերը ում հետ են քննարկվում` պաշտպանության նախարարների, ԳՇ պետերի, ինչպես նաև երկրի ղեկավարների` նախագահների, վարչապետների:    

Ի՞նչ բնույթ էր կրում այդ համագործակցությունը:

-  Համենայն դեպս, ոչ մոնոպոլ, ինչպես շատ հաճախ փորձում են ներկայացնել: ՊՆ-ի հետ տարբեր ժամանակներում աշխատել են տարբեր գործարարներ` ոմանք հաջողել են, ոմանք ոչ: Ես աշխատել եմ կոնկրետ մատակարարման ոլորտում, ես էլ մյուսների նման ունեցել եմ և հաջողություններ, և անհաջողություններ: Անհաջողությունները հիմնականում պայմանավորված էին լոգիստիկ դժվարություններով, ինչպես նաև քաղաքական պատճառներով:

Լավ վերադառնանք ներկա, շարունակեմ նախորդ հարցս. Ձեր անձի շուրջ պարբերաբար տարբեր ասեկոսեներ և մեղադրանքներ են պտտվում, թերևս դրանցից հիմնականը կայանում է նրանում, որ Դուք Հայաստանին վաճառում եք հին և անպիտան զինատեսակներ, բավականին թանկ գներով, և այդ գործարքները, իբրև թե իրականացվում էին Ձեր ընկեր` ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի անմիջական հովանավորությամբ: Ըստ այդ լուրերի, գործարքները կրում էին «կոռուպցիոն» բնույթ: Ձեր մեկնաբանությունը...

-Նախ նշեմ, որ նման սիրողական բնույթի մեկնաբանություններ կարող են անել զենքի գնման ընթացակարգերից կատարելապես անտեղյակ մարդիկ, քանզի զենքի գնման պատվերը իջեցնում է Գլխավոր շտաբը` սկսած զինատեսակից, վերջացրած քանակով: Պաշտպանության նախարարը այդ ընթացակարգերի հետ կապ չունի: ԳՇ-ի կողմից պատվերն իջեցնելուց հետո հայտ է ներկայացվում, հետո գնային առաջարկ է արվում մեր կամ կազմակերպությունների կողմից: Ապա այդ գնային առաջարկը համեմատվում է նախկինում եղած առաջարկների հետ, ներկա պահին եղած առաջարկների հետ, ապա կնքվում է պայմանագիր: Մատակարարվող ապրանքը պատվիրատու երկիր տեղափոխելուց հետո անցնում է 3 տարբեր ընթացակարգեր` որակական, քանակական և փորձարկման: Ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որը կազմված է 7-10 հոգուց`  ՊՆ-ի, ԳՇ-ի և մատակարար կազմակերպության ներկայացուցիչներից: Հանձնաժողովի դրական գնահատականը ստանալուց հետո միայն կնքվում է համապատասխան ակտ և կատարվում է ապրանքի ընդունում: Այս ինֆորմացիան իմանալուց հետո դժվար թե որևէ խելամիտ մարդ հետայսու հավատա նման ասեկոսեներին, քանզի ինչպես ես ներկայացրեցի պաշտպանության նախարարի գործառույթը զենքի գնման գործընթացում մինիմալ է: Իսկ այսքան բարդ ընթացակարքեր անցնելու դեպքում, որի մեջ ներառված են ամենատարբեր օղակների ներկայացուցիչներ պատվիրատու և մատակարար երկրներից, անորակ կամ անպիտան զենքի մատակարարման հնարավորությունները գրեթե հավասարվում են զրոյի:     

Բացի այդ մեր գործունեությունը Հայաստանում միշտ և բոլոր ժամանակներում մանրազնին ստուգվել և ստուգվում է պատկան մարմինների կողմից` այդ թվում նաև ԱԱԾ-ի կողմից:

Ահա, Դուք նախանշեցիք հաջորդ հարցս կապված ԱԱԾ-ի հետ: Լուրեր են շրջանառվում, որ Դուք ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին թանկարժեք զրահապատ ամենագնաց եք նվիրել, իբրև թե նրա դիմաց, որ նա «աչք փակի» Ձեր կողմից թույլ տված ինչ-ինչ խախտումների վրա...

-Էսպես պատասխանեմ. Որքանով որ ես ճանաչում եմ Արթուր Վանեցյանին` համոզված եմ, որ նա խիզախ մարդ է: Նա գիտի, որ մեր դատավորն էլ, պահապան էլ Աստվածն է` զրահապատ մեքենայով չես կարող պաշտպանվել: Ես թույլ չէի տա ինձ նրան նվեր անել, նա էլ իրեն թույլ չեր տա այդ նվերը ընդունել: 

Ուզում եք ասել, որ ըստ շրջանառվող լուրերի, Դավիթ Տոնոյանին էլ Շտեֆանպլացում բնակարան չե՞ք նվիրել։

-Ոչ թե ուզում եմ ասել, այլ հենց ասում եմ, որ չեմ նվիրել: Այդ տրամաբանությամբ որ շարժվենք, ես 2000-ասկաններից սկսած բոլոր նախարարներին, նախագահներին, ԱԱԾ պետերին և ընդհանրապես բոլոր պաշտոնյաներին պետք է բնակարաններ ու մեքենաներ նվիրած լինեի:   

Լավ նորից վերադառնանք Ձեր կողմից մատակարարվող զենքերին: Դուք տեղյա՞կ եք դրանք գործնականում կիրառվել են Տավուշյան մարտերում ու վերջին արցախյան պատերազմում։ Եթե այո, ապա ինչպե՞ս են դրանք իրենց դրսևորել։

-Տեղյակ եմ, օգտագործվել են: Թե ինչպես են իրենց դրսևորել պետք է հարցնել Գլխավոր շտաբից: Համենայն դեպս, եթե նույնիսկ չնչին բողոքներ լինեին,  ԳՇ-ն իր բողոքները կներկայացներ: Ես համենայն դեպս նման գեթ մեկ դեպքի մասին չգիտեմ:

Ամեն դեպքում, լուրեր են շրջանառվում, որ Դուք 50-ականների հարավսլավական արտադրության զենքեր եք մատակարարել...

-Չկա նման բան, կատարյալ սուտ է:

Այդ դեպքում ասեք, ամենահին զենքը, որը դուք մատակարարել եք Հայաստանին, ո՞ր թվականի արտադրության է։

-M-55-ը և OCA AK ները եղել են ութսունականներից բարձր, մնացածը լիովին նոր արտադրության: 

Դրանք միջազգային չափանիշներով մարտական պայմաններում համարվու՞մ են կիրառելի և էֆեկտիվ զենքեր։

-Այո միանգամայն: Բոլոր այդ զինատեսակները անցել են գործարանային վերստուգում: Իմ մատակարարած յուրաքանչուր զինատեսակ մեկ առ մեկ ստուգվել է Պաշտպանության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից, և բոլորը կիրառվել են պրակտիկ գործողություններում:

Ըստ շրջանառվող լուրերի Դուք Դավիթ Տոնոյանի պաշտոնանկությունից հետո խզել եք ՊՆ-ի հետ եղած բոլոր պայմանագրերը...

-Կատարյալ սուտ է: Ոչ միայն չեմ խզել ու չեմ պատրաստվում խզել, այլ նաև պատրաստվում եմ ընդլայնել գործունեությունս ռազմարդյունաբերության ոլորտում: (Հարցազրույցի այս հատվածին կանդրադառնանք առանձին նյութերով): Ինչու պետք է խզեմ` Պաշտպանության նախարարությունը որևէ մեկի սեփականությունն է, որ նախարարի գնալուց հետո պայմանագրերը խզեմ:  Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում, չեմ էլ պատրաստվում զբաղվել...Բանակը օրգանիզմ է, բանակը մեր բոլորի հպարտությունն է, այն վիրավոր է այսօր, բայց այն պետք է ապաքինվի ու հավատացած եմ, որ կլինի կանգուն: Մենք կրկնապատկելու ենք նաև մեր բոլոր օգնությունները: Այսօր կան հաշմանդամներ, վիրավորներ, նրանց օգնել է պետք:Ես ու իմ ընտանիքը այդ ամենով արդեն զբաղվում ենք, ուղղակի ամեն ինչ չենք բարձրաձայնում:

Որպես ֆինալ... Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են Ձեր անվան շուրջ այդքան ասեկոսեներ պտտվում?

-Ասեկոսեները շրջանառվում են շահագրգիռ օղակների կողմից, որոնց հետևում կանգնած են կոնկրետ քաղաքական դեմքեր:

Այսինքն, այդ քաղաքական դեմքերը ի՞նչ շահ են հետապնդում` Ձեր անունը անընդհատ շրջանառելով։

-Դե նրանք էլ իրենց հետաքրքրությունը ունեն զենքի բիզնեսում: Հենց վերջին պատերազմի ժամանակ շատ կոնկրետ մարդիկ շատ կոնկրետ շահեր են հետապնդել` փորձելով, օրինակ բանակին 80-ականների արտադրության “Կոնկուրս” հրթիռները մատակարարել մեկ հատը $52 հազարով, այն դեպքում, երբ մենք այդ նույն հրթիռների բոլորովին նոր, գործարանային վիճակում մատակարարել ենք մեկ հատը $8 հազարով: Երբ այդ մարդիկ իրենց նկրտումներում չեն հաջողել, այսինքն պատերազմող երկրի հաշվին չեն կարողացել գերշահույթ ապահովել, խիստ վրդովվել են:

Ավելին, եղել են նաև այլ զարգացումներ, պատերազմի ժամանակ "քեշ" գումարով ուզում էին, որ Հայաստանը բեռնատար ինքնաթիռ գնի:Կյանքումս առաջին անգամ էի տեսնում, որ “քեշ” գումարով ինքնաթիռ գնեն: Դրա փոխարեն ես իմ կազմակերպությունների գումարներով գնեցի բեռնատար ինքնաթիռ, որը այդ օրերին շատ խնդիրներ լուծեց, նոր շունչ հաղորդեց մեր գոյություն չունեցող ավիացիային: Դրանով խափանվեց իրենց պլանները,ինչի պատճառով էլ իրենք ուղղորդված արշավ սկսեցին իմ, Դավիթ Տոնոյանի, Մակար Ղամբարյանի, Գաբրիել Բալայանի ու շատերի դեմ: 

Որպես վերջաբան Ձեզ ասեմ, որ ես ընդհանրապես միշտ եղել եմ նպատակասլաց ու շարունակելու եմ իմ սկսած գործերը: Ես առաջնորդվում եմ ռուսական մի ասացվածքով. "Շները հաչում են, իսկ քարավանը գնում է":

 

  • Կիսվել: