ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Վազել է թշնամու կրակոցների ուղղությամբ»․ 15 օր անց զինվորի մահվան հանգամանքներն անհայտ են

«Վազել է թշնամու կրակոցների ուղղությամբ»․ 15 օր անց զինվորի մահվան հանգամանքներն անհայտ են

19-ամյա ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանի զոհվելուց շուրջ 15 օր անց զինվորի մահվան հանգամանքներն անհայտ են։ Նա հունիսի 18-ին Վերին Շորժայի սահմանին մարտական հերթապահություն իրականացնելիս է զոհվել։

Պաշտպանության նախարարությունը դեպքի մասին առ այսօր պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։ Զինվորի զոհվելու տեղեկությունը շրջանառվելուց հետո նոր միայն գերատեսչությունից բանավոր լրատվամիջոցներին հաստատել դեպքի իրողությունն ու խոստացել նոր մանրամասներ՝ առաջիկայում, որոնք դեռ չկան։

Հրաչիկ Փիլիպոսյանն Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր։ Արդեն մեկ տարի է ծառայում էր Ճամբարակում։

Հրաչիկ Փիլիպոսյանի ընտանիքի անդամները ևս իրենց որդու զոհվելու հանգամանքերի մասին տեղեկություններ չունեն։ Պաշտպանության նախարարությունն անգամ ծնողներին չի հայտնել ցավալի լուրը, Բյուրականի նախկին գյուղապետի միջոցով են տեղեկացել։

«Աշտարակում էր էրեխեն, որ մեզ ասացին․․․ գիշերն էին բերել։ Մի գրամ չի անցել իմ մտքով, որ կարող է այսպիսի բան լինել»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց հայրը՝ Վաչիկ Փիլիպոսյանը և փոխանցեց որդու զոհվելու առնչությամբ իրենց հայտնի դարձած որոշակի տեղեկությունը․

«Ինքը կանգնած է եղել, իր կանգնելու պահը թշնամու կողմից բացառձակ չի դիտարկվել․․․վազել է (փոխհրաձգության ընթացքում,-հեղ․), պոստի ավագը ձայն է տվել՝ Հրաչ սպասի, Հրաչը չի սպասել, վազել է դեպի պոստը (վազել է այն դիրքի ուղղությամբ, որի վրա թշնամին կրակ է բացել,-հեղ․)»,- պատմեց հայրը։

Հրաչիկ Փիլիպոսյանի մահվան դեպքով հունիսի 19-ին Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով: Այն է սպանություն, որը կատարվել է ծառայության ընթացքում՝ կազմակերպված խմբի կողմից, շատերի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։ Ուշագրավ է, սակայն, որ Գլխավոր դատախազությունն այս քրգործի հարուցման մասին հայտնել է միայն վեց օր անց՝ հունիսի 23-ին։

Հունիսի 18-ին ժամը 23:00-ից սկսած մինչև գիշերը 12-ը թշնամին կրակել է Վերին շորժայի դիրքերի ուղղությամ, ինչի հետևանքով Հրաչիկ Փիլիպոսյանը կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել։ Մահվան վկայականում գրված է, որ վնասվել են ներքին օրգանները։ Ուշագրավ է, որ գործը քննող քննիչի որոշմամբ առգրավվել են նաև Հրաչիկ Փիլիպոսյանի հինգ համածառայակցի ամրացված ավտոմատները։ Քննիչի որոշմամբ մի շարք փորձաքննություններ են նշանակվել, որոնք առնչվում են նաև համածառայակիցներին կցված զենքերից արձակված կրակոցներին։

Ընտանիքի անդամները նշում են, որ իրենց որդու հետ դեպքից կարճ ժամանակ առաջ են հետը խոսել։

«Ես վերջին անգամ հետը 9:30-ին եմ խոսել»,- նշում է հայրը, իսկ ազգականներից Մուշեղ Բաբայանը՝ լրացնում․ «Ասում են, որ այդ խառը իրավիճակը ժամը 10-ից է սկսվել, բայց կոնկրետ դեպքը տեղի է ունեցել 11-ի կողմերը»։ «Դեպքից 10 րոպե առաջ ենք խոսել հետը։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է, տատ ջան»,-ասաց տղայի տատիկը՝ Սուսաննա Բաբայանը։

Հրաչիկ Փիլիպոսյանի մահվան պատճառների անորոշությունների ֆոնին հստակ չէ՝ նա վիրավորվելուց հետո պատշաճ ստացե՞լ է համապատասխան բուժօգնություն, թե՞՝ ոչ։

«Պոստի ավագն ասում էր, որ պերեվասկա ենք արել մինչև Վարդենիսից եկել են։ Իջացնող տղան էլ ասում էր, որ չէին կարողանում իջացնել, թուրքերը կրակում էին»,- ասաց հայրը։

Հարազատները չգիտեն՝ Հրաչիկ Փիլիպոսյանը զոհվել է մարտի դաշտո՞ւմ, հիվանդանոցի ճանապարհի՞ն, թե՞ հիվանդանոցում։

«Շտապօգնության մեքենայի մեջ էլ պուլսը զգացվել է, հիվանդանոցում արդեն իսկ մահը հաստատվել է, բայց, թե ճանապարհին է մահացել, թե հիվանդանոց մտնելու պահին, պարզ չէ»,- ասաց քեռին՝ Աշոտ Խաչատրյանը։

Հրաչիկ Փիլիպոսյանը հայրենասեր էր, Հայաստանի համար՝ սրտացավ, նշում են ընտանիքում։ Բանակ մեծ ոգևորությամբ է մեկնել։ Ծառայությունից չի դժգոհել։ Ընտանիքի անդմաների փոխանցմամբ՝ ծառայակիցների հետ խնդիրներ չի ունեցել։

«Շատ լավ էր տրամադրված, կյանքի հանդեպ լեցուն, երազանքերով լի էր՝ ընտանիքի, եղբայրների հետ կապված։ Հերոսի պես էր մտածում»,-ասում է մայրը՝ Լալա Խաչատրյանը։

Հրաչիկ Փիլիպոսյանը հունիսի 18-ից սկսած հինգ օրից պետք է իջներ դիրքերից ու կարճ ժամանակով արձակուրդ գար։

«Վերջին անգամ, որ «օտպուսկ» եկավ գիշերով գնաց Եռաբլուր՝ շատ մեծ ցավով։ Ցավում էր բոլորի համար, գյուղում էլ ունենք զոհվածներ, իրենց գերեզմաններին էլ գնաց։ Հինգ օրվա մեջ երկու օրը տրամադրեց հերոսների այցելությանը։ Միշտ ասում էր՝ տատ ջան, գալու եմ, ամեն ինչ լավ է լինելու, սովորելու եմ։ Էրեխուս երազանքը չկատարվեց, գնաց հանուն հայրենիքի»,- հիշում է Հրաչի տատը։

Փիլիպոսյաններին վշտացրել է նաև այն, որ ո՛չ պաշտպանության նախարարությունից, ո՛չ էլ իշխանություններից որևէ մեկն իրենց չեն այցելել ու հայենիքի համար զոհված իրենց որդու մահվան կապակցությամբ չեն ցավակցել։ Միայն հուղարկավորության օրը զորամասի քահանան և այլ ներկայացուցիչներ են եկել, ընտանիքի անդամների հետ որևէ շփում չի եղել։ «Ի՞նչ սպասելիք ունենամ պետությունից, թող գան ասեն, որ հերոս տղա ես ունեցել»,- նշում է հայրը։

«Պաշտպանության նախարարության կողմից չունենք վերաբերմունք, որ այս երեխան զոհվել է հանուն հայենիքի։ Թող գան խոսեն, սփոփեն ծնողին։ Էրեխեն 15 օր է զոհվել է, բայց մարդ չի եկել։ Մեզ այն է ցավ պատճառում, որ մեր զինվորին կորցնելով հանդերձ պետք է փաստաբան վարձենք, որ ապացուցվի, թե մեր զինվորն ինչից մահացավ»,- եզրափակեց ազգականներից Մուշեղ Բաբայանը։

Հուլիսի մեկին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հրաչիկ Փիլիպոսյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։ Լուրն անմիջապես հրապարակվել է լրատվամիջոցներում, որտեղից էլ տեղեկացել են Փիլիպոսյանները, սակայն, մեդալը մինչև հուլիսի 3-ի դրությամբ ընտանիքին չէր փոխանցվել։ Ծնողները սակայն, միայն արդար քննություն են պահանջում՝ որդու զոհվելու հանգամանքերը լիարժեք բացահայտելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: