հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարչապետը վստահեցնում է՝ բանակում բահի, քլունգի, հագուստի, կոշիկի խնդիր չկա

Վարչապետը վստահեցնում է՝ բանակում բահի, քլունգի, հագուստի, կոշիկի խնդիր չկա

Հայաստանի բանակում ո՛չ բահի, ո՛չ քլունգի, ո՛չ հագուստի, ո՛չ կոշիկի խնդիր չկա: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ–ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո խոսվում էր, որ զինվորներին բահեր են անհրաժեշտ, դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներն արված չեն, արդյո՞ք այս անցած երկու տարին բավարար չէին այդ ամենն անելու համար։

«Ես այդ բոլոր հրապարակումների արդյունքում երեկ Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել, որովհետև նպատակը եղել է մեկը, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ նույնիսկ տրակտորի խնդիր պետք է չլինի։ Փակ քննարկում էր, ես գնացել եմ, ասել եմ՝ խնդրում եմ ինձ ասեք, ինչն է խնդիրը, կա՞ այդ խնդիրը, թե չկա։ Եվ արձանագրել ենք, որ այդ խնդիրը չկա։ Եվ ես ասել եմ, և էլի ասում եմ, որ այդ խնդիրը չկա»,– նշեց նա՝ հավելելով, որ հսկայական ինժեներական աշխատանք է կատարվել այս ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակը ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում, թեև ուժերն անհավասար են եղել։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի բանակը մեր երազած բանակը չէ, և ոչ ոք չի ասում, որ բանակում բոլոր խնդիրները լուծված են, բանակում շատ խնդիրներ կան և աշխատանքներ են տարվում դրանք վերացնելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, ըստ նրա, երբեմն հանրային խոսույթից տպավորություն է ստեղծվում, թե ՊՆ–ն բանակի մասին ամենաքիչ մտածող և ամենաքիչ տեղեկացված մարմինն է, ինչն այդպես չէ։

Վարչապետը տեղեկացրեց, որ հանձնարարել է ճշտել, թե փողոցներում բանակի համար հանգանակություններ հավաքողներն իրականում դրանք ում համար են հավաքում, քանի որ նախկինում եղել են դեպքեր, որ հավաքված ապրանքը չի հասել բանակին։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ ադրբեջանական վերջին սադրանքի հետևանքով զոհվածները տրակտորով ինժեներական աշխատանքներ իրականացնելիս են եղել, հետևաբար հարց է առաջանում, թե որքանով են ճշմարտացի պնդումները, թե բանակում տեխնիկայի կարիք կա, երբ բանակում մարդիկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվում են տրակտորով ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ։

Վերադառնալով ՊՆ-ում անցկացրած խորհրդակցությանը՝ վարչապետն ասաց․ «Պաշտպանության նախարարն է եղել, հրամկազմը, և ես հստակ ասել եմ՝ խնդրում եմ, ինձ ասեք, եթե խնդիր կա, ասեք, մենք լուծենք այդ խնդիրը։ Հարցրել եմ՝ էքսկավատոր, քլունգ, բահ, կոշիկ, կա՞»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միայն մեկ դեպքում է խնդիր եղել․ մրցույթներ են հայտարարված եղել ինժեներական աշխատանքների անցկացման, սակայն ոչ ոք չի հաղթել այդ մրցույթներում։ Նրա խոսքով՝ անմիջապես հանձնարարական է տվել, որ այդ խնդիրն արագ լուծեն։ «Ես միշտ դեմ եմ եղել բանակը նվիրատվության օբյեկտ դարձնելուն, որովհետև դա բանակի համար ամենամեծ վարկաբեկիչ բանն է»,– ասաց նա։

Վարչապետը նաև նշեց, որ իրեն փաստերով են ներկայացրել, որ բանակում նման խնդիրներ չկան, ապա հավելեց, որ եթե այդքանից հետո նման խոսակցություններ են ծավալվում բանակի մասին, ապա դրանով արդեն հակահետախուզությունը պետք է զբաղվի, քանի որ դա արդեն քայքայիչ գործություն է։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս հարցում տվել է համապատասխան հանձնարարականներ։

  • Կիսվել: