ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տոնոյանն ու ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Տոնոյանն ու ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը` ք. Հելսինկի) և նորանշանակ ռազմական կցորդ, մայոր Յան Պուկիլային (նստավայրը` ք. Մոսկվա), հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Պուկիլային՝ առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պաշտոնավարման ընթացքում:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվել է միջազգային խաղաղության և կայունության ապահովման գործողություններին երկու երկրների ակտիվ ներդրման կարևորությունը, հատկապես` Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, որտեղ համատեղ առաքելություն են իրականացնում հայ և ֆինն զինծառայողները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: