հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սյունիքում վիրավորների մասին լուրերը բացարձակ սուտ են․ ՏՍԿ

Սյունիքում վիրավորների մասին լուրերը բացարձակ սուտ են․ ՏՍԿ

Սոցցանցերում և մամուլում ակտիվորեն տեղեկություն է շրջանառվում, թե Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ, մարտեր են ընթանում: Գրել են, թե հակառակորդը հարձակում է նախաձեռնել ու իբր հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են, գրում է ՏՍԿ-ն։

«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց», -հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը infocom-ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող այս լուրերը։ Փոխմարզպետը հստակեցրեց, որ Սեւ լճի ուղղությամբ սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում, որին մասնակցում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այս պահին ճանապարհվում է դեպի Սեւ լիճ։ Հարձակումների վերաբերյալ տեղեկությունները փոխմարզպետը բացարձակ սուտ է որակում։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ևս արձագանքել է լուրերին.

«Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին։ Հակառակորդը GPS-ով գծված սահմանից էլ առաջ են եկել»։ Գորիսի փոխքաղաքապետը նշել է, որ իր տեղեկություններով բանակցությունները վարում է առաջին բանակային կորպուսը։

  • Կիսվել: