շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը փորձեց հնարավորինս բաց ներկայացնել խնդիրները. Մանուկյան

Սուրեն Պապիկյանը փորձեց հնարավորինս բաց ներկայացնել խնդիրները. Մանուկյան

Ազգային ժողովի ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց զինված ուժերում ստեղծված իրավիճակի, խնդիրների և հրատապ անելիքների վերաբերյալ դռնփակ ռեժիմով քննարկումից։ 

Նա ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ընդդիմադիր պատգամավորները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության ներկայությամբ բարձրաձայնեցին զինված ուժերում առկա խնդիրները։

՛՛Սուրեն Պապիկյանը, ինչը գնահատելի է, հանգամանալից ներկայացրեց խնդիրները և՛ տեխնիկական ապահովման, և՛ սպառազինության հետ կապված։ Նա փորձեց հնարավորինս բաց ներկայացնել՛՛,-վստահեցրեց Մանուկյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե բավարար համարու՞մ է զինված ուժերում իրականցվող աշխատանքները, և որքանո՞վ էին օբյեկտիվ  Պապիկյանի հիմնավորումներն առկա խնդիրների վերաբերյալ: Ի պատասխան՝ Մանուկյանը նշեց, որ չի կարող բավարարել այն, ինչ-որ այսօր կատարվում է զինված ուժերում։

՛՛Քանի զինված ուժերում այս վիճակն է, քանի Ազատ գյուղում նման աննախադեպ դժբախտ դեպք է տեղի ունեցել, չի կարող որևէ մեկը բավարարվել․․․ Ցավոք, երկու տարվա մեջ շատ տեղերում ուղղակի թերի ինժեներական աշխատանքներ են կատարվում, կամ գրեթե աշխատանք չի կատարվում՛՛,-ասաց պատգամավորը։

Նշենք, որ այսօր ՛՛Հայաստան՛՛ խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում ՀՀ ԶՈւ-ի թեմայով փակ քննարկում է անցկացվել:

  • Կիսվել: