ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանի դիրքերն ամուր են, նա ՊՆ-ում որեւէ կաշկանդվածություն չունի. Արմեն Խաչատրյան

Սուրեն Պապիկյանի դիրքերն ամուր են, նա ՊՆ-ում որեւէ կաշկանդվածություն չունի. Արմեն Խաչատրյան

Սուրեն Պապիկյանը որեւէ ձեւով կաշկանդված չէ պաշտպանության համակարգի պաշտոնյաների հետ, ինչը նորմալ է եւ նորմալ է, որ նախարարները տասնամյակներով աշխատելով այդ համակարգում, հազար ու մի կապվածություն ու կաշկանդվածություն են ունենում, իրենց թիմն են ունենում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակվելու հիմքում նաեւ այդ փոփոխություններն իրականացնելու տրամաբանությունն է դրված:

«Ես նորմալ եմ համարում, որ նախարարը իր թիմն է ունենում, դա հանցագործություն չէ, բայց այս պահի դրությամբ այդ նորմալը մեզ ձեռնտու չէ: Այո, պետք է մարդ, որը որեւէ  կաշկանդվածություն չունի, որը սպիտակ թղթից ամեն ինչը նորից դնի, կազմակերպի ու առաջ տանի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Սուրեն Պապիկյանը ռազմական ճանապարհ չի անցել, փորձ չունի, կարո՞ղ է նրա խոսքը լսելի լինել ՊՆ-ում, թե խուլ դիմադրության կհանդիպի, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Այս հարցն առաջանում է բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում եւ բոլորի մոտ, հատկապես, որ գիտենք, որ եւ ՆԳ նախարարի պաշտոնը, եւ ՊՆ-ի պաշտոնը քաղաքական պաշտոններ են եւ չի պարտադրում, որ լինի զինվորական կոչում ունեցող մեը, նույնիսկ արգելում է: Սա հենց այնպես չի արվել, սա երկարամյա միջազգային փորձի արդյունք է: Արդյունավետության մի տարրն էլ այն է, որ այո, իր դիրքերն ավելի ամուր են: Բացի այդ, նախարարը ավելի հաշվետվողական է լինում, քան որեւէ գեներալ կամ ոստիկանապետ, որը ԱԺ-ի նկատմամբ որեւէ հաշվետվողականություն չունի: Իսկ նախարարը կոնկրետ հաշվետվողական պաշտոն է, նաեւ հանրային վերահսկողությունն է մեծանում»:

Հարցին, թե ի՞նչ է լինելու Արցախի պաշտպանության բանակի հետ, տպավորություն է, թե Հայաստանը հրաժարվում է Արցախից, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ձեր հարցին կարելի էր նույնիսկ չպատասխանել, որովհետեւ հիմա նման հարցեր հնչեցնելը չի բխում հենց ՊԲ-ի, Արցախի եւ ընդհանրապես մեր անվտանգության շահերից: Պաշտպանության բանակը պետք է լինի, այն հնարավորինս պետք է իր առջեւ դրված խնդիրները լուծի ավելի արդյունավետ»:

  • Կիսվել: