շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստացվում է՝ 10 000 մարդ հա՛մ չի ծառայում, հա՛մ չի դատվում, հա՛մ փող չի տալիս. սա կարևոր խնդիր է, որ պետությունը պետք է լուծի. Կոնջորյան

Ստացվում է՝ 10 000 մարդ հա՛մ չի ծառայում, հա՛մ չի դատվում, հա՛մ փող չի տալիս. սա կարևոր խնդիր է, որ պետությունը պետք է լուծի. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մի քանի կարևոր արձանագրում արեց՝ այս նախագծից կարող են օգտվել 25 տարին լրացած քաղաքացիները, այն քաղաքացիները, որոնց 25 տարին օրենքի ընդունման պահի դրությամբ չի լրացել, հետագայում չեն կարող այս օրենքից օգտվել:

Նրա խոսքով՝ նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներից շատերի մտահոգությունը հենց դրան էր վերաբերում:

«Այն դիտարկումը, որ ասվում է, որ մենք սրանով վարք ենք ձևավորում, չի աշխատում այս դեպքում, որովհետև վարք չի ձևավորում այս նախագիծը: Այս նախագիծը պայքարում է հետևանքների վերացման դեմ, ոչ թե կանխորոշում է ինչ-որ մի վարք կամ կանխարգելում է ինչ-որ մի բան: Սա շատ կարևոր է, որ հասկանանք, կարևոր է խնդիրները արձանագրելիս ճիշտ բան արձանագրենք»,- ասաց Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հետախուզման մեջ գտնվող շուրջ 10 հազար հայրենակիցներ ունենք, որոնք չեն ծառայել բանակում և պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, սակայն շատ քչերն են պատասխանատվության ենթարկվել:

«Ստացվում է՝ 10 հազար մարդ հա՛մ չի ծառայում, հա՛մ չի դատվում, հա՛մ փող չի տալիս: Սա կարևոր խնդիր է, որ պետությունը պետք է լուծի: Եկեք օրենքին չվերագրենք մի բան, որը ի բնե այն չի փորձում կարգավորել»,- նշեց խմբակցության ղեկավարը՝ Հայկ Սարգսյանին հորդորելով առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների հետ, նաև Կառավարության գործընկերների հետ քննարկումներ անել, քանի որ պատգամավորները կարևոր հարցադրումներ են առաջ քաշել:

«Հարցն էլ էմոցիոնալ է և դրանք բոլորը պիտի հասցեագրվեն»,- խոսքը եզրափակեց Հայկ Կոնջորյանը:

  • Կիսվել: