չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում . Դավիթ Տոնոյան

Շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում . Դավիթ Տոնոյան

«Չկա այսպիսի բան, ինձ թվում է՝ որոշ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում-կուտակվում և հասնում են վարչապետին, իր մոտ տպավորություն են ստեղծում, թե գեներալիտետի մոտ կա դժգոհություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ կան  դժգոհություններ:

Ըստ նախարարի՝ կլինեն գեներալներ, որոնց մոտ կան այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, գեներալիտետի մոտ չպետք է դժգոհություններ լինեն:

Հարցին՝ կան քրեական գործեր, որոնցով տարբեր գեներալներ անցնում են, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Իհարկե, դա մտահոգում է, բայց կարծում եմ, որ դա մեր բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ է պահում»։

Պաշտպանության նախարարը խոսեց նաև Արցախից։ Մասնավորապես, անդրադառնալով վարչապետի՝ Արցախի վերաբերյալ վարչապետի տեսակետին, թե Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ասաց, որ համաձայն է դրա հետ. «Ես լիովին համաձայն եմ վարչապետի հետ: Պատկերացրեք, որ եթե այլ տարբերակ լինի և որևէ ժողովրդի կամ Ադրբեջանի ժողովրդին անընդունելի լինի, իրենք համաձայն չլինեն, դա ի՞նչ է նշանակում: Դա նույն լարվածության շարունակությունն է, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն է: Այլ տարբերակ չկա»։

Նա նաև նշեց, որ ըստ իրեն՝ բոլորի համար ընդունելի տարբերակ պատերազմի վերսկսման անհնարինությունը պետք է լինի։

Հարցին, որ բանակցային գործընթացում, կարծես թե, առաջընթաց չկա, խոսվում էր «վերելակային բանակցությունների» մասին, ի՞նչ եղան դրանք, Դավիթ Տոնոյանն ասաց, որ  համաձայն չէ «վերելակային բանակցություններ» ձևակերպման հետ. «Շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում: Մեր դիվանագիտական ծառայությունը և Արտաքին գործերի նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում»։

Նախարարն անդրադարձավ նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին, որը  քննադատության արժանացավ. «Ես մի բան կարող եմ ասել, որ ԱԳ նախարարի Hard talk-ի ժամանակ խոսակցությունը միտված է եղել արտաքին աշխարհին, ոչ թե ներքին»:

 

  • Կիսվել: