հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռազմական համալսարանում անդրադարձել են վերջին շրջանում զինված ուժերում արձանագրված ինքնասպանության դեպքերին

Ռազմական համալսարանում անդրադարձել են վերջին շրջանում զինված ուժերում արձանագրված ինքնասպանության դեպքերին

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սեպտեմբերի 18-ին անցկացվել է կոնֆերանս` «Ինքնասպանություն կատարելու պատճառները և կանխարգելման ուղիները: Զինծառայողների սոցիալական պաշտպանության երաշխիքները որպես նյարդահոգեկան լարվածության թոթափման կարևոր գործոն» թեմայով:

Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, զորամիավորումների, զորամասերի հրամանատարների` բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, ռազմական ոստիկանության, քննչական կոմիտեի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև թեմային առնչվող հիմնախնդիրներին քաջատեղյակ քաղաքացիական մասնագետներ:

ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության կազմակերպած կոնֆերանսը միտված էր ներկայացնելու զինծառայողների բարոյահոգեբանական կայունության ամրապնդման ոլորտում զորքերի հոգեբանական ապահովման գործառույթները, զորամասերում իրականացվող աշխատանքները:

Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են վերջին շրջանում զինված ուժերում արձանագրված ինքնասպանության դեպքերին, դրանց պատճառներին ու նպաստող պայմաններին, ընդգծել ուսումնասիրությունների արդյունքում հաստատված կանխարգելման միջոցառումների, խնդիրների լուծման արդյունավետ ուղիների ներդրման կարևորությունը:

Քննարկումների արդյունքում որոշվել է վերլուծել կոնֆերանսի մասնակիցների ելույթները, մշակել դեպքերի և պատահարների կանխարգելման ամբողջական համակարգ:

  • Կիսվել: