հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի. խորհրդակցություն՝ ՔԿ-ում

Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի. խորհրդակցություն՝ ՔԿ-ում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:

Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Հայրենիքի զոհված զինվորների և մարտական գործողությունների հետևանքով մահացած խաղաղ բնակիչներ հիշատակը:

Խորհրդակցության առանցքում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակն էր: Այս համատեքստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների զորահավաքային զորակոչին վերաբերող մի շարք հարցեր:

«Այսօր բոլորս   պետք է լինենք  մեկ  մարդու պես, լինենք մեր բանակի կողքին,   լինենք ամուր, անսասան և աննահանջ: Բոլորս պատրաստակամ ենք` մեր կյանքը զոհաբերելու  հանուն Հայրենիքի պաշտպանության։ Մենք ամեն ջանք կներդնենք` հաղթանակին հասնելու համար` և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում ծառայության ընթացքում։ Մենք մեր գործառույթները բարեխիղճ  կատարել ենք խաղաղ կյանքում,  դրանից էլ ավելի լավ, փայլուն կատարելու ենք պատերազմական իրավիճակում»,- ընդգծել է Քննչական  կոմիտեի նախագահը` հավելելով նաև, որ Քննչական կոմիտեի ծառայողները,  ըստ սահմանված կարգի, ներկայանան  ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային   ստորաբաժանումներ՝ կցագրման, և սպասեն զորակոչի:

Խորհրդակցության ավարտին Հայկ Գրիգորյանը մի շարք հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ Քննչական կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու և համակարգելու վերաբերյալ:

  • Կիսվել: