ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հավելենք, որ խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում նա հայտնել է, որ Գեղարքունիք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը:
 
Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում: Ավելի ուշ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է տարածել։
 
Նշենք նաև, որ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հարցազրույցում Թաթոյանի մասին ասել է, որ նա ՛՛ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում՛՛:

  • Կիսվել: