կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը (տեսանյութ)

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը (տեսանյութ)

Հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ։ Տվյալները ճշտվում են, հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

«Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերն անց, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ԱԹՍ-ների եւ ականետների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոտքի, Վարդենսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները։

Ադրբեջանի ՊՆ պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են։ Ավելին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենաօրյա ռեժիմով հրապարկվող տեղեկությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ։ Այս ձեռագրին մենք ծանոթ ենք դեռեւս 2020թ․ 44-օրյա պատերազմից ժամանակ։ 

Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ։ Տվյալները ճշտվում են։

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով՝ իրադրության զարգացումների վերաբերյալ։

Հորդորում ենք զերծ մնալ մարտական գործողությունների պատկերմամբ տեսանյութեր հրապարակելուց եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին», - ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: