հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի հավելավճար. Սուրեն Պապիկյան

Պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի հավելավճար. Սուրեն Պապիկյան

Պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն կսահմանվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված՝ նրանք կստանան հավելավճար. նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 3-ի նիստում ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը:

 

Նշվել է նաեւ, որ սոցիալական մոտիվացիան պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման եւ գրավչության բարձրացումն է, ինչն անմիջական ազդեցություն ունի թե՛ զինծառայության արդյունավետ իրականացման, թե՛ քաղաքացիներին զինծառայության գործընթացում ներգրավելու շրջանակներում:

 

Պաշտպանության նախարարի հավաստմամբ ատեստավորման կամավորությունը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ տվյալ զինծառայողն անձամբ պետք է շահագրգռված լինի հավելավճարի տեսքով դրամական ապահովության բարձրացման հարցում եւ դիմի ատեստավորում անցնելու:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով ատեստավորման կարգը կսահմանի Կառավարությունը, իսկ զինվորական պաշտոնների անվանացանկը կսահմանվի Պաշտպանության նախարարի հրամանով:

Պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ պայմանագրային զինծառայողները կատեստավորվեն երեք տարին մեկ անգամ: Զինծառայողներն ատեստավորմանը մասնակցելու են կամավոր: Զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված եւ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելուց ոչ շուտ, քան երեք ամիս հետո եւ ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը:

Կամավոր ատեստավորման համակարգի հավելյալ աշխատավարձային ֆոնդը կկազմի 66 միլիարդ դրամ:

«Ամբողջ բարեփոխման համար սահմանել ենք 3 տարի ժամկետ, որը Կառավարության համար կարժենա 66 միլիարդ դրամ հավելյալ աշխատավարձային ֆոնդ: Բնականաբար, Կառավարությունից ակնկալելու ենք միջինը տարեկան 20 միլիարդ դրամ, բայց եթե մեր զինծառայողներն ավելի վաղ կարողանան ատեստավորվել, մենք գործընթացը կավարտենք ավելի շուտ: Մենք կգտնենք այդ միջոցները, եթե կան այնպիսի մարդիկ, որոնք հանձնել են ատեստավորման համար պահանջվող քննությունները: Գործընթացը բավականին ճկուն է լինելու»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Հանձնաժողովականները կարեւորել են նախագծերի փաթեթի ընդունումը՝ ընդգծելով պրոֆեսիոնալ բանակի ստեղծման անհրաժեշտությունը:

 

Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի նախագծերի փաթեթը ծառայի նախատեսված նպատակին:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Կառավարությունը դասեր քաղելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: