հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
Պաթոլոգիաների ժամանակ պիտանելիության մի քանի աստիճան գոյություն ունի, որով նորակոչիկը պիտանի է ծառայության՝ սահմանափակումներով․ Մկրտչյան

Պաթոլոգիաների ժամանակ պիտանելիության մի քանի աստիճան գոյություն ունի, որով նորակոչիկը պիտանի է ծառայության՝ սահմանափակումներով․ Մկրտչյան

Կա պարտադիր հետազոտությունների ցանկ, որոնք իրականացվում են տեղական պոլիկլինիկաների միջոցով, այդ օղակում հայտնաբերված հիվանդությամբ որեւէ զինծառայող բացառվում է, որ հայտնվի առաջնագծում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Դանիել Մկրտչյանը:

Դիտարկմանը, որ ծնողներից կան դժգոհություններ` հաշվի չեն առնում, որ իրենց որդին օրինակ սրտի առիթմիա ունի, տեսողական խնդիրներ ունի եւ տանում են առաջնագիծ, անգամ եղել է դեպք, երբ սրտի բնածին արատով երիտասարդը 1,5 տարի ծառայել է, նոր ազատվել է, Մկրտչյանն ասաց.

«Համաձայն կառավարության որոշումների, որոշ պաթոլոգիաների ժամանակ պիտանելիության մի քանի աստիճան գոյություն ունի, որով նորակոչիկը պիտանի է ծառայության որոշ սահմանափակումներով: Չի բացառվում, որ 1,5 տարի հետո այդ նույն հիվանդությունն իր մոտ բարդանա: Կարող է դա ամիսների ընթացքում լինել»:

Դանիել Մկրտչյանը նաեւ բացառեց, որ կարող են «պապայի տղերք» ազատվեն բանակից եւ նրանց փոխարեն ծառայության գնան հիվանդություն ունեցողները.

«Ես միանշանակ բացառում եմ նման դեպքերը, որովհետեւ իրականում զորակոչվում են եւ սրտի ռիթմի խանգարումներով տղաներ, եւ տեսողության որոշակի աստիճանի խնդիրներով տղաներ, որոնք ըստ կառավարությանն որոշման պիտանի են ծառայության համար՝ սահմանափակումով: Ինքը պետք է զորակոչվի զինծառայության՝ իր հիվանդություններով հանդերձ: Այո, կան առողջական խնդիրներ, որոնցով հանդերձ, զորակոչիկը պիտանի է ծառայության՝ սահմանափակմամբ»,-ասաց նա:

  • Կիսվել: