ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պատերազմից ռազմական բժշկությունը դուրս եկավ հաղթանակած՝ վստահաբար կատարելով դրված մարտական խնդիրը

Պատերազմից ռազմական բժշկությունը դուրս եկավ հաղթանակած՝ վստահաբար կատարելով դրված մարտական խնդիրը

2020 թվականի սեպտեմբերի 27, վաղ առավոտ, ռազմական բժիշկ Վլադիմիր Սեյրանյանի հեռախոսը չի դադարում զանգել:

Իրար հերթ չտվող զանգերի տեղատարափը միայն մի բանի մասին էր՝ երկրում պատերազմ է: Ռազմական բժիշկ, մայոր Վլադիմիր Սեյրանյանը, ով ներկայում ծառայում է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ Վասվածքաբանական բաժանմունքում, 2001 թվականից ոլորտում է: Սեպտեմբերի 27-ին նա արձակուրդում էր, սակայն երկրում այնպիսի իրավիճակ սկսվեց, որ առաջնային դարձավ մասնագիտական պարտականությունը: 
 
«Միանշանակ վատ զգացողություններ էին: Ես ծառայել եմ Տավուշում, Արցախում, հուլիսյան մարտերի ժամանակ ևս ծառայության մեջ եմ եղել, և պատկերացնում էի ինչ կարող էր լինել: Որքան էլ պատկերացնում էի, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս անգամվա պատերազմի մասշտաբները անհամեմատելի էին: Որոշում կայացվեց, որ ես պետք է գնամ Իշխանաձոր: Ժամանելու հենց սկզբից վիրավորների հոսքն այնպիսին էր, որ հիմա կդժվարանամ ասել, թե ովքեր են եղել իմ առաջին պացիետները: Այդ հոսքին զուգահեռ մեր թիմը կազմ-պատրաստ էր՝ պատվով կատարելու իր առջև դրված խնդիրները: Եղել է համախմբված աշխատանք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Վլադիմիր Սեյրանյանը: 
Օրեր շարունակ քունն ու հանգիստը կորցրած բժիշկը համեստորեն ներկայացնում է իր աշխատանքն այնպես, կարծես, սովորական գործուղման մեկնած լիներ: Միայն նշում է, որ պատերազմական օրերին տպավորիչ ոգևորող, ուժ տվող դրվագները շատ են եղել: 
 
«Մեզ մոտ հերթական օրը վիրավորների հոսք կար, միջանցքում մի տղա էր կանգնած, ով անդադար բերված զինվորներին ինչ-որ բանով օգնելու առաջարկ էր անում, հետաքրրքվում էր, թե ինչպես նրանց պետք է տեղավորել, ինչի պակաս կա և այլն: Մոտ ժամ ու կես այդ խմբի վիրավորներին սպասարկեցինք, ու ես նոր դիմեցի այդ տղային, հարցնում եմ, թե իր մոտ ինչ կա: Վերջինս ասում է, որ ոչինչ չկա, իր մոտ ամեն ինչ կարգին է, միայն թե, գլխի մոտ քերծվածք ունի ու մի փոքր ցավում է: Վիրակապարանում զննելու արդյունքում հայտնաբերեցինք, որ գնդակը գտնվում է ենթամաշկի տակ, ոսկորին մոտ: Մենք այն հեռացրեցինք: Տղայի այդ առնական պահվածքը, ընկերների մասին մտածելը ինձ վրա մեծ տպավարություն թողեց, բայց իրականում այնպիսի վիճակ էր, որ կարելի է ասել նա երկրրոդ անգամ ծնվեց, մի թեթև շեղում, այդ տղան կարող էր մեզ հետ չլինել»,-ասաց Վլադիմիր Սեյրանյանը: 
 
Այն, որ զինվորները, լինելով վիրավոր, ծանր վիճակում հոսպիատալացված, շարունակում էին մտածել, հոգ տանել միմյանց մասին, փաստում է նաև քսան տարի ոլորտում աշխատող, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժշկական գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Արշալույս Սեյրանյանը, ով իր խմբով պատերազմի օրերին Իշխանաձորում էր: Վիրավորների մեծ մասը նույնիսկ ամենածանր վիճակում միայն մի բան էր հարցնում բժշկից՝ երբ եմ ապաքինվելու վերադառնամ առաջնագիծ: 
«Իրադարձություններն այնպես արագ էին զարգանում, որ ինչ-որ մի փուլից այդ տարածքի վիրավորների ամբողջ հոսքը եկավ մեզ մոտ: Հավատացեք մեր բժիշկները բոլորի կյանքի համար մինչև վերջ պայքարել են: Վերակենդանացման դեպքեր ենք ունեցել, որոնք շատ են տպավորել»,-պատմում է Արշալույս Սեյրանյանը:
 
Բժշկական գումարտակի հրամանատարի համագործակցության գծով օգնական, ավագ լեյտենանտ Հասմիկ Բաբաջանյանը շտապեց ավելացնել, որ բժշկական գումարտակը մի ընտանիք է եղել և գիտեր ինչ անել: Ոչ ոք աշխատանքը չի տարանջատել, իրավիճակից ելնելով, անտրտունջ հասցրել են անել այն, ինչ կարող էին՝ փոխլրացնելով միմյանց: Արանքում չէին մոռանում միմյանց ու զինվորների ու նրանց հետ եկածների մասին հոգ տանելու վերաբերյալ: Գերծանր օրերին միմյանց, թեկուզ, փոքր շոկոլադ փոխանցելը ավանդութ էր դարձել:
«Լարվածությունը մեծ էր, բայց մենք արդեն պատրաստված էինք: Բժշկական գումարտակը մասնակցել է ՆԱՏՕ-ի չափորոշիչներով զորավարժությունների: Մենք հենց այնպիսի զորավարժություններ ենք արել, երբ պետք էր մեծ քանակի վիրավորներ ընդունել: Դա մեզ օգնեց, և մեր անձանակազմը գիտեր ինչ անել, ինչպես աշխատել: Մենք ունեինք արհեստավարժ բուժակներ, որոնք նույնպես մեծ ներդրում ունեցան ընդհանուր գործին»,-ասաց Հասմիկ Բաբաջանյանը: Ավագ լեյտենանտը չի մոռանում Իշխանաձորի ամբուլատորիայի անձնակազմին, համայնքի ղեկավարին: Նա նկատեց, որ սրտացավ, ամեն վայրկյան ռազմական բժիկների կողքին լինելու պատրաստակամություն ունեցել են բոլորը: 
 
«Գիտեք ինչպիսի իրավիճակ էր, օրինակ եթե վիրավորների համար հողաթափի կամ ներքնաշորի կարիք կար, մեկ զանգ և ամեն ինչ կարգավորվում էր: Գիշեր-ցերեկ գործի մեջ ենք եղել, 24 ժամ աշխատել ենք և հասկացել, որ ևս 24 ժամ կարող ենք աշխատել ու այսպես շարունակ: Բոլորն արել են ավելին, քան կարող էին»,-նշեց Հասմիկ Բաբաջանյանը:
Բժիշկներն ընդգծում են՝ Հայաստանում ռազմական բժշկության համակարգը կայացած է, այն ունի կայացած հրամանատարություն, փորձառու, բանիմաց բժիշկներ, որոնք տիրապետում են իրենց գործին: Համեմատելով այլ երկրների ռազմական բժշկության համակարգերի հետ՝ Արշալույս Սեյրանյանն ընդգծում է՝ մենք հետ չենք մնում, ինքնակազմակերվելու առումով շատ ավելի առաջ ենք: Իհարկե, այս ընթացքում թերություններ եղել են, հասցրել են վերլուծել կատարած աշխատանքը, առաջիկայում աշխատելու են բացերի ուղղությամբ: Թե պատերազմից ինչպիսին դուրս եկավ ռազմական բժիշկը, վստահաբար պատասխանում է Հասմիկ Բաբաջանյանը՝ հաղթանակած: Ռազմական բժիշկն այս պատերազմում իր առջև դրված մարտական խնդիրը կատարել է ամբողջությամբ և լիարժեք: Տոնական օրվա առթիվ ռազմական երեք բժիշկների բարեմաղթանքը մեկն է՝ աշխատել խաղաղ պայմաններում՝ սպասարկելով միայն պլանային դեպքեր:

  • Կիսվել: