հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պատերազմից հետո պետք է մի քիչ արագ գործենք․ Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմից հետո պետք է մի քիչ արագ գործենք․ Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմից հետո սպառազինության, կրթության որակի բարձրացման համար պետք է մի փոքր շտապենք։ Նման կարծիք ունի պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է զինված ուժերի հետ կապված հասարակությանը հուզող մի շարք հարցերի՝ սկսած առաջնագծում ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելուց մինչև ԱԹՍ արտադրելու հեռանկարներին։

Առաջնահերթությունների վերանայման կարիք կա

Պատերազմի փորձը և համաշխարհային միտումները հաշվի առնելով՝ մենք այսօր կարիք ունենք շատ խորը վերանայման, թե ինչ առաջնահերթություններ պետք է մեր առջև դնենք։ Պետք է աշխարհաքաղաքական իրավիճակը, ռազմագիտական զարգացումները, նոր տեսակի պատերազմները խորքային ուսումնասիրենք։ Այստեղ անելիքներ կան, մասնավորապես, պաշտոնական գերատեսչությունների մասով։

Սակայն պետք է նաև փորձագետներին լսել, որից հետո պետք է եզրակացության գալ, կազմել համապատասխան փաստաթուղթ, դրանով էլ շարժվել առաջ։ Ճիշտ է, բանակում բավականին դրական երևույթներ կան, սակայն այն, ինչ նկարագրեցի, ամբողջական առումով դեռ արված չէ, այսինքն՝ կան բաներ, որ պետք է հնարավորինս արագ արվեր, և դեռ ուշ չէ, եթե հիմա արվի։

Մյուս կողմից, այն արված չէ օբյեկտիվորեն, քանի որ ֆորմալ առումով պատերազմն ու ակտիվ մարտական գործողություններն ավարտվել են, սակայն նոր սահմանի ու բնագծի ձևավորումը, բազում կորուստների վերականգնումն այդ հնարավորությունը չեն տվել։ Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ չլինելն իրենց հերթին խոչընդոտում են, օրինակ, առաջնագծի կահավորման հարցում, սակայն ամեն ինչ կապել սահմանազատման հետ և շատ բաներ չանել, այնքան էլ ճիշտ չեմ համարում։

Կան խնդիրներ, որոնք մինչև հիմա մնում են չլուծված, քանի որ տվյալ՝ նեղ ոլորտի պատասխանատուները նույն մարդիկ են, որոնք մինչև պատերազմն էին այս խնդիրները «լուծում»։ Մենք սիրում ենք ամեն ինչ գցել ռազմաքաղաքական ղեկավարության վրա, բայց կան հարցեր, որոնք նեղ մասնագիտական են, ռազմական են, սպառազինությանն են վերաբերվում։

ԶՈւ-ում կադրերի խնդիրը եղել է ու կա

Մենք տարիներ շարունակ կադրերի, կրթության խնդիր ունենք, չնայած ռազմաուսումնական հաստատություններ կան։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետը՝ Արթուր Երոյանը, մեր բանակի ամենափառահեղ, լավագույն կադրերից է։ Նա իմ ընկերն է, ուստի սուբյեկտիվ կլինի ասել, թե ինչ եմ ակնկալում նրանից։ Սակայն, եթե կարողանանք Արթուրի նման հանգուցային կադրերին բանակում տեղավորենք, զինվորականների ճիշտ սերնդափոխություն կատարենք, ապա լրիվ այլ պատկեր կստանանք։

ԶՈւ-ում սերնդափոխության գործին այսօր խանգարում է տարիներ շարունակ ունեցած կադրային պատրաստվածության բացը։ Հարցն այն է, որ կա լրջագույն խզվածք՝ 50-ից բարձր տարիքի սպաների և 35 տարեկանների ստատուսի մեջ․ տարիներ շարունակ մենք 35 տարեկաններին թույլ չենք տվել վերև բարձրանան։ Բավական է միայն ասել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած ընդամենը մեկ գեներալ-մայոր է եղել։

Պետք է մի դառը ճշմարտություն ասեմ՝ որոշ մարդկանց մոտ նման մոտեցում կար, որ ավելի լավ է արցախյան առաջին պատերազմում եղած խոհարարը կամ վարորդը լինի գնդի հրամանատարը, քան անկախության սերնդի նոր երիտասարդ սպան, որը նոր է ավարտել ուսումը։

Վերջին ամիսներին ես բանակի կրթության վարչությունն եմ ղեկավարել, և կարող եմ ասել, որ Հունաստանում կրթություն ստացած մեր սպաները մեր բանակի լավագույններն են եղել։ Սակայն նրանցից որևէ մեկը որոշում կայացնող պաշտոն երբեք չի ունեցել․ հիմա այդ տղաների կեսը դրսում են, կեսն էլ՝ օգնական ու տեղակալ են ինչ-որ մեկի։

Քննադատողները գործից հասկացողները չեն

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, բայց եղան մարդիկ, որոնք ոչ միանշանակ ընդունեցին այս փաստը։ Կուզեի իմանալ՝ նրանք ուղղաթիռն ինչո՞վ են տարբերում ինքնաթիռից։
Ժամանակին այսպես պետական ապարատում առանց հասկանալու, առանց հայեցակարգեր գրելու YouTube-ով զենքեր ընտրեցինք։ Հիմա էլ նման բաներ են արվում, քանի որ շատերն իներցիայով շարունակում են աշխատել։ Ուզում եմ հասկանալ, թե քանի՞սն են ավիացիայից հասկանում, որ ուղղաթիռների ձեռք բերման փաստը ոչ միանշանակ են ընդունում։ Սա գլոբալ ողբերգություն է, տգիտության ողբերգություն է։ Եթե սպառազինության մասին քննադատողներից մեկը կանգնի և ասի, թե ինչով է տարբերվում ՍՈւ-30-ը մեկ այլ կործանիչից, կշարունակեմ նրա հետ խոսել։

Պատերազմը մի շարք դրական ծրագրեր ընդհատեց

ԶՈւ-ում ձեռքբերումներից շատերը, օրինակ, նույն ուղղաթիռները, այնպես չէ, որ պատերազմից հետո կայացրած որոշումների հիման վրա են եղել։ Ուղղաթիռները գնելու որոշում կայացվել է պատերազմից անմիջապես առաջ, երբ ավիացիայի համալրման շրջանակում մի ամբողջ փաթեթ ընդունվեց։

Ներկայիս ժամանակակից ռազմաօդային ուժերի հրամանատարը մեր բանակի լավագույն կադրերից մեկն է՝ գնդապետ Գագիկ Ասլանյանը։ Նա վարչության պետ նշանակվելուց հետո ճիշտ հայեցակարգ գրեց ավիացիայի զարգացման համար, որտեղ կործանիչներից մինչև ԱԹՍ-ներ ներառված էին։ Բայց պատերազմն ընդհատեց մի շարք դրական ծրագրեր, և ավիացիայի զարգացումն ավարտվեց 4 ՍՈւ ձեռք բերելով։

Այստեղ, իհարկե, թերացողներ էլ կան, և հարցը զուտ իրավական տիրույթ տանել-տեղավորելում չէ, այլ տարրական գիտակցման մեջ է։ Օրինակ, ի՞նչ քրգործ կարելի է հարուցել ինչ-որ պաշտոնյայի նկատմամբ, որը չի կարողացել ճիշտ բնութագրել ապագա պատերազմի բնույթը։ Նման հոդված կա՞։ Այսինքն՝ մարդիկ կան, որ ոչ թե հանցագործ են, վատնել են ու թերացել, այլ ուղղակի չեն գիտակցում, թե ինչ է ժամանակակից պատերազմը։

ԱԹՍ-ների արտադրության տեղական փայլուն նախագծեր ունենք

Ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար պետության ներուժի խնդիր կա․ կարծում եմ, որ պետք է մի քիչ արագացնենք պրոցեսը։ Ես ծանոթ եմ ԱԹՍ-ների պրոդուկտներին․ տեղական փայլուն նախագծեր կան, սակայն դրանք պետք է փորձարկվեն, թերությունները վերանալուց հետո կրկին գործարան վերադառնան։

Պետք է մեր սեփական արտադրությանը զարկ տանք, և այսօր ես այս հարցում դրական դինամիկա տեսնում եմ, բայց պատերազմից հետո պետք է մի քիչ արագ գործենք։ Սակայն աշխարհում հինգ պետություն կա, որոնք պատրաստում են ԱԹՍ-ների և թռչող սարքերի ամենանուրբ բաղադրիչները, և առանց նրանցից մեկ-երկուսից օգտվելու դու հնարավորություն չունես ԱԹՍ արտադրելու։ Մյուս կողմից, բոլոր տեսակի ԱԹՍ-ներ տեղում արտադրել հնարավոր չէ, դա անլուրջ է։

Համազգեստը փոխելու կարիք կա, ժամկետայիններին փոխարինելու շանս չկա
Կարծում եմ, որ պետք է ԶՈւ-ում համազգեստը փոխենք։ Նախ, մեր համազգեստը պետք է նույնականացվի՝ գլխավոր շտաբը, զորքերը նույն համազգեստը պետք է հագնեն։ Պետք է զրոյից նոր համազգեստ մշակվի, ընդ որում, այն պետք է ազգային սիմվոլներ ներառի, զինվորականի ձիգ կեցվածքն ընդգծող։ Բացի այդ, պետք է լինի որոշակի խստացված մեխանիզմ, որ շինարարը չօգտագործի այդ համազգեստը՝ համազգեստի տված հպարտությունը պետք է խորքային լինի։

Բացի այդ, կարծիքներ են հնչում, որ պայմանագրային զինծառայողները կարող են առաջնագծում փոխարինել ժամկետայիններին, սակայն ես խորապես համոզված եմ, որ առաջնագծում ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու շանս այս պահին չունենք։ Մեր տնտեսական վիճակը թույլ չի տա, որ մարտական ծառայության մեջ ժամկետայիններին չներգրավվենք։ Եթե որևէ մեկը նման հրաշք բաղադրիչ գիտի, ապա ես չգիտեմ։

Ինչո՞ւ երիտասարդները չեն ուզում սպա դառնալ

Պատերազմից առաջ էլ, հիմա էլ երիտասարդների ձգտումը սպա դառնալու առումով շատ ցածր է։ 2000 թվականների կեսերից մեր երկրում տարբեր պատճառներով՝ նյութական, դեմոգրաֆիական, սպա դառնալը դարձավ ոչ այնքան գրավիչ։ Վազգեն Սարգսյանի անվան համալսարան ընդունվողների թիվը տարիների ընթացքում 300-ից դարձավ 30։
Քաղաքացին մտածում է, որ այնքան էլ լավ բան չէ 300-400 000 դրամի համար տասը տարի մնալ առաջնագծում, ստամոքսի, երիկամի հիվանդություններ ձեռք բերել, 20 տարի սպասել տան հերթի և այդպես էլ տուն չստանալ․․․ Սա հանգամանքների մի մասն է, որը ստիպում է մարդկանց չգնալ սպայական ծառայության։ Պատճառներից մեկն էլ կադրային սխալ քաղաքականությունն է, կրթությանը որպես զուտ դիպլոմ ունենալու մոտենալը։

Ավելին, տարածաշրջանում ամենամարտունակ բանակի համբավը կեղծ թեզերից մեկն էր, որը մենք ինքներս ստեղծեցինք ժամանակին, մենք ինքներս հավատացինք ու դրա տակ մնացինք։ Կարծում եմ, որ եթե հետևողական աշխատենք, ֆինանսներ ներդնենք ու կրթությունն էֆեկտիվ լինի, կարող ենք, իրոք, ամենամարտունակ բանակն ունենալ։

  • Կիսվել: