երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատերազմից առաջ F16-ի խոցումը ՀՕՊ–ի կողմից հնարավոր էր, չարվեց` չսադրելու համար. Տոնոյան

Պատերազմից առաջ F16-ի խոցումը ՀՕՊ–ի կողմից հնարավոր էր, չարվեց` չսադրելու համար. Տոնոյան

Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։
Այսօր ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով` նման կասկածներ ուներ և՛ Գլխավոր շտաբը, և՛ ինքն անձամբ` հաշվի առնելով իր երկարատև փորձը նաև ՆԱՏՕ–ի հետ համագործակցության առումով։
 
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ–ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,– ասաց Տոնոյանը։
 
Հավալեց` այդ ժամանակահատվածից սկսած ինքը 3 հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից պատերազմից առաջ հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմը քիչ հավանական է կամ հավանական չէ, Տոնոյանը նշեց` իրավիճակը չսադրելու որոշակի դիմում է եղել։
 
«Որոշակի դիմում կար մեզ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից, ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ–ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,– նշեց Տոնոյանը։
 
Նրա խոսքով` ինքը երկու խումբ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով` Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ–ի և ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ։
«Օրական ունեցել եմ 3-4 հանդիպումներ, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ անդամ երկրների դեսպաններին, բոլորին տրվել են F16-երի օդային դիագրամները, խնդրանքս եղել է` չեզոքացրեք այդ երկրի ներգրավումն արցախյան թատերաբեմում»,– ասաց պաշտպանության նախկին նախարարը։
 
Հավելեց` օդում կախված լուրեր կային, թե ԵԱՀԿ (Մինսկի խմբի-խմբ.) նախագահող երկրներից մեկը մեզ օգնության առաջարկություններ է արել, Տոնոյանը հրաժարվել է. նման բան չի եղել։

  • Կիսվել: