շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատերազմի ավարտի հաջորդ օրվանից իսկ քաղաքական իշխանությունը բոլոր հարվածները վերցրել է իր վրա. ԱԺ նախագահ

Պատերազմի ավարտի հաջորդ օրվանից իսկ քաղաքական իշխանությունը բոլոր հարվածները վերցրել է իր վրա. ԱԺ նախագահ

 ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո վարչապետը կամ որևէ այլ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյա երբևէ փորձ չի արել մեղավորությունը, հետևանքները բարդել այլ մեկի վրա: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե քաղաքական մեծամասնությունը փորձում է 44-օրյա պատերազմի հետևանքները բարդել ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների վրա:

«Կարծում եմ, որ պատերազմի ավարտի հաջորդ օրվանից իսկ սկսած քաղաքական իշխանությունը բոլոր հարվածները վերցրել է իր վրա և հաճախակի նույնիսկ ակնհայտ հարցերում իր պատասխանատվության աստիճանն ավելի բարձր է դրել, քան մնացածինը: Քաղաքական պրոցեսի մեջ ներգրավվեց բանակը որոշ ժամանակահատված առաջ: Եվ նույնիսկ այդ ժամանակահատվածում չեղավ նույնիսկ մի դեպք, որ ես, վարչապետը կամ որևիցե այլ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյա փորձ անի ինչ-որ բան բարդել, ինչ-որ բան ասել»,-ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը շեշտեց, որ գնահատականները մշտապես եղել են քաղաքական : «Միանշանակ և աներկբա է, որ այն պատասխանատվությունը, որը հաճախ կարելի էր այս կողմ- այն կողմ նետել, թե վարչապետը, թե քաղաքական թիմը բարձրաձայն, ուղիղ խոսքով իր վրա է վերցրել և ասել, որ մեր պատասխանատվությունը մեծ է և կա»,-նշեց նա:

Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից հնչող քննադատություններին, որ եթե դիվանագիտությունը չձախողվեր, պատերազմ և նման հետևանքներ չէին լինի՝ ԱԺ նախագահն ասաց, որ մեկ պատասխանատու ոլորտ գտնելը և ամբողջն այդ ոլորտի վրա բարդելը ճիշտ չի համարում: Ըստ նրա՝ 30 տարվա ընթացքում գրեթե բոլոր բնագավառներում թույլ տրված սխալները՝ սկսած երկրի նկատմամբ վերաբերմունքից, պարտականություններից, իրենց հետքն են թողել արհավիրքի վրա:   

  • Կիսվել: