ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Պապիկյանը հույն գործընկերոջը ներկայացրել է Արցախում պատերազմից հետո ստեղծված  իրավիճակը

Պապիկյանը հույն գործընկերոջը ներկայացրել է Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկա մակարդակը և կարևորել հատկապես ռազմատեխնիկական ուղղությամբ փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Նիկոս Խարդալիասը հաստատել է համագործակցությունը զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը և նշել, որ երկու երկրների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են առավել խորացնել փոխգործակցությունը` առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները:

Նույն օրը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները:

  • Կիսվել: